Վաշինգտոնը կարող է «հիմնովին վերանայել» հարաբերությունները Վրաստանի հետ, եթե վերջնականապես ընդունվի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։
Նա շեշտել է, որ այս շաբաթավերջին բոլորը տեսան Վրաստանի պատմության մեջ ամենախոշոր բողոքի ցույցերը՝ տասնյակ հազարավոր խաղաղ ցուցարարներով, որոնք կոչ էին անում իրենց կառավարությանը դեմ կանգնել այս օրենքին, քանի որ ձգտում են դեպի եվրաատլանտյան ապագա:
«Մենք կտեսնենք, թե ինչ կանի խորհրդարանը, բայց եթե այս օրենքն ընդունվի, դա մեզ կստիպի հիմնովին վերանայել մեր հարաբերությունները Վրաստանի հետ»,- նշել է նա։
Սպիտակ տունը «խորապես մտահոգված է» օրենքի երրորդ ընթերցմամբ ընդունմամբ։ Վաշինգտոնն ակնկալում է, որ Վրաստանի նախագահը վետո կդնի դրա վրա։
«Անհասկանալի է, թե արդյոք խորհրդարանը կփորձի չեղարկել պոտենցիալ վետոն, մենք բացահայտորեն արտահայտել ենք մեր մտահոգությունը օրենքի վերաբերյալ, որը հակասում է ժողովրդավարական արժեքներին և Վրաստանը ավելի կհեռացնի Եվրամիության արժեքներից, և մենք չպետք է մոռանանք ՆԱՏՕ-ի մասին»,- ասել է Սպիտակ տան խոսնակը։
- Չնայած բողոքի բազմահազարանոց ակցիաներին և Թբիլիսիի միջազգային գործընկերների կոշտ քննադատությանն ու նախազգուշացումներին՝ Վրաստանի խորհրդարանն այսօր երրորդ՝ վերջին ընթերցմամբ ընդունեց «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրենքը։ «Վրացական երազանք»-ի նախաձեռնության հաստատմանը կողմ քվեարկեցին 150 պատգամավորներից 84-ը, դեմ՝ 30-ը։
- Խորհրդարանի կողմից ընդունված օրենքը 10 օրվա ընթացքում ներկայացվում է Վրաստանի նախագահին։ Սալոմե Զուրաբիշվիլին ավելի վաղ խոստացել էր, որ վետո կդնի օրինագծի վրա։
- Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ նախագահը ստորագրում և հրապարակում է օրենքը 2 շաբաթվա ընթացքում կամ այն վերադարձնում խորհրդարան։ «Վրացական երազանք»-ը բավականաչափ ձայներ ունի՝ վետոն վերացնելու համար։ Եթե դրանից հետո նախագահը չի ստորագրում օրենքը, այն ստորագրում և հրապարակում է խորհրդարանի նախագահը։
- Խորհրդարանի շենքից դուրս օրենքին ընդդիմացող հարյուրավոր քաղաքացիների և ուժայինների միջև բախումներ են տեղի ունեցել։