ԱՄՆ-ում առաջիկայում սպասվում է աշխատավարձերի բարձրացում ու աշխատատեղերի ավելացում

ԱՄՆ - Աշխատանքի դեպարտամենտի շենքը Վաշինգտոնում, արխիվ

Վերջին ամսում ԱՄՆ-ում 126 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել: Թեև դա 2013-ից ի վեր ամենաթույլ ցուցանիշն է, սակայն գործազրկության մակարդակը մնացել է նույն՝ 5․5 տոկոս ցուցանիշի վրա, իսկ միջին աշխատավարձը, հակառակը, աճել է:

Միացյալ Նահանգներում նոր աշխատատեղերի ստեղծումը մարտի վերջի դրությամբ դանդաղել է՝ վերջ դնելով նախորդ 12 ամիսների 200 հազար աշխատատեղի ցուցանիշին, որը ամենաբարձրն էր 1994 թվականից ի վեր: Նախորդող երկու ամիսներին էլ աշխատատեղերի աճը շարունակաբար նվազել էր:

Փի Էն Սի բանկի մասնագետ Գաս Ֆաուչերը հետևյալ կարծիքին է. - «Մենք ունենք մի շարք յուրատեսակ գործոններ, մասնավորապես՝ եղանակը, որոնք ազդել են առկա վիճակի վրա, ուստի կարծում եմ, որ մենք առաջիկա տարում ականատես ենք լինելու ցուցանիշի վերադարձին մինչև 200 հազար և անգամ ավելի»:

Նավթի գների անկումը հանգեցրել է աշխատատեղերի կրճատումների հանքահանության ոլորտում, իսկ ուժեղ դոլարը նպաստել է նաև արտադրության ոլորտում ավելի քիչ աշխատատեղերի ստեղծմանը:

Սակայն Գործարարական տնտեսության ազգային ասոցիացիայի խոսնակ Քեն Սիմոնսոնը նշում է, որ ԱՄՆ-ի աշխատաշուկան ամրապնդվում է, ինչը պետք է հանգեցնի աշխատավարձերի բարձրացմանը․ - «Բազմաթիվ գործարարներ նշում են, որ խնդիր ունեն գտնելու համապատասխան աշխատողներ, ուստի կարելի է ակնկալել, որ նրանց աշխատավարձերը կբարձրանան»:

Վերջին տվյալների համաձայն, դա արդեն տեղի է ունենում՝ միջին ժամավճարները անցյալ ամիս աճել են 7 ցենտով: Դա շատ չէ, սակայն Գաս Ֆաուչերը ասում է, որ 2․1 տոկոս աճ կա անցյալ տարվա համեմատ: «Դա շատ ավելի բարձր է, քան արժեզրկումը, ինչը կավելացնի ապրանքաշրջանառությունը 2015 թվականի ընթացքում», - նշում է նա:

Ներդրողները շատ մտահոգված չեն աշխատաշուկայի վերջին տվյալներով: Տնտեսագետները նշում են, որ աշխատատեղերի սպասվածից դանդաղ ավելացումը կարող է դրդել Դաշնային պահուստին՝ ԱՄՆ-ի կենտրոնական բանկին, հետաձգել տոկոսադրույքի բարձրացումը մինչև տարեվերջ: