ԻՊ-ն մարտերում կորցրել է ավելի քան 15 հազար քառակուսի կմ տարածք

Պենտագոնի խոսնակը նշել է, որ «Իսլամական պետության» զինյալները կորցրել են Իրաքում նախկինում իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների մեկ քառորդը: Ըստ նրա՝ սա դաշնակիցների օդային հարվածների ու Իրաքի ցամաքային զորքերի համատեղ ջանքերի արդյունք է:

Պենտագոնի կողմից թողարկված նոր քարտեզը ցույց է տալիս, որ Իրաքի ուժերը հյուսիսում վերագրավել են առանցքային տարածքներ Թիքրիթի, Սինջար լեռան և Մոսուլի ամբարտակի շրջանում:

Պենտագոնի խոսնակ Սթիվ Ուորենը շեշտել է, որ «Իսլամական պետություն» խմբավորումը անցյալ օգոստոսից ի վեր կորցրել է ավելի քան 15 հազար քառակուսի կիլոմետր տարածք:

«Թիքրիթում, ինչպես գիտեք, մենք ավարտում ենք խիստ հաջող ռազմարշավային գործողությունը՝ ազատագրելու այդ քաղաքը «Իսլամական պետություն» խմբավորման ճիրաններից: Թիքրիթի փոքր հատվածներում մարտերը դեռևս շարունակվում են, քանզի «Իսլամական պետություն»-ը թողել է նռնակապատ որոգայթներ, մեծաքանակ ինքնաշեն պայթուցիկ սարքեր ու փոքրաթիվ մարտիկների, դիպուկահարների: Այդպիսիք մնացել են միայն Թիքրիթի հյուսիսային հատվածում», - ասել է Ուորենը:

Ըստ Պենտագոնի խոսնակի՝ «Իսլամական պետություն» խմբավորմանը Սիրիայում հետ շպրտելու փորձերը ավելի քիչ հաջողությունների են հասել. - «Սիրիայում «Իսլամական պետություն»-ը որոշ աննշան հաջողության է հասել Դամասկոսի մեջ և մասամբ էլ հարավում ու Հալեպում, սակայն որոշակի կորուստներ ունի Քոբանիի շրջանում»: Ուորենի փոխանցմամբ՝ դաշնակիցների ռազմավարությունն է կանխել Իրաքից քշվող զինյալների համար անվտանգ ապաստարանի գոյացումը Սիրիայում:

Ըստ որոշ վերլուծաբանների՝ իրական փորձաքար կդառնա մարտերի հետագա ծավալումը սունիների գերակշռությամբ Մոսուլի շրջանում ու Անբար նահանգում:

Ամերիկյան առաջընթացի կենտրոնից Բրայան Կատուլիսի խոսքով, դեռ պարզ չէ՝ երբ դա տեղի կունենա, բայց Իրաքը չի կարող դա անել շիա աշխարհազորայինների միջոցով բռնություններ կիրառելով սունիներով բնակեցված շրջաններում:

ՄԱԿ-ի ղեկավար Բան Կի-մունը ողջունել է Թիքրիթի ազատագրումը, սակայն մտահոգություն է հայտնել մարդու իրավունքների խաթարումների և ավերումների շուրջ, որ կատարել են Իրաքի ուժերի կազմում մարտնչող աշխարհազորայինները: