ԱՄՆ-ում հուլիսին ստեղծվել է 209 հազար աշխատատեղ

Չնայած դրան` նույն ամսվա ընթացքում որոշակի աճ է գրանցել գործազրկության մակարդակը:

Զբաղվածության մասին վերջին զեկույցի համաձայն, ԱՄՆ-ի տնտեսությունը գրանցել է կայուն աճ` այս տարվա հուլիս ամսին ավելացնելով 209 հազար աշխատատեղ:

Չնայած տնտեսության աճն այդ ամսվա ընթացքում նույնքան ակտիվ չէր, ինչպես նախորդ երեք ամիսների ժամանակ, զբաղվածության մասին անցյալ ամսվա զեկույցն այնուամենայնիվ վկայում է այն մասին, որ այս տարվա հուլիսն արդեն վեցերորդ ամիսն է, որի ընթացքում ստեղծված աշխատատեղերի ցուցանիշը գերազանցել է 200-հազարանոց շեմը, որը, ըստ տնտեսագետների, անհրաժեշտ է` ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը նվազեցնելու համար:

Չնայած դրան` հուլիս ամսվա ընթացքում որոշակի աճ է գրանցել գործազրկության մակարդակը:

Միացյալ Նահանգների տնտեսությունը շարունակել է կայուն աճը` հաղթահարելով այս տարվա սկզբին գրանցված թույլ ցուցանիշները: Նախագահ Օբամայի վարչակազմի համաձայն, նման աճը հնարավոր է դարձել ավելի վաղ կայացված վճռական որոշումների արդյունքում:

«Վերջին մեկ տարվա ընթացքում ստեղծվել է ավելի շատ աշխատատեղ, քան 2006 թվականից հետո որևէ տարվա ընթացքում, իսկ վերջին 53 ամսվա ընթացքում գործատուները ընդհանուր առմամբ ստեղծել են 9․9 միլիոն աշխատատեղ», - ասում է նախագահ Օբաման:

Աշխատատեղերի նույնիսկ այս թիվը, սակայն, բավարար չէր գործազրկության մակարդակի նվազեցման համար: Այս ցուցանիշը հուլիս ամսվա ընթացքում գրանցել է մեկ տասնորդականի աճ` հասնելով 6․2 տոկոսի: Որոշ տնտեսագետների կարծիքով, գործազրկության ցուցանիշի ավելացումը ինքնին բացասական երևույթ չէ:

«Մարդիկ, նկատելով աշխատատեղերի ավելացումը, առավել վստահ են դառնում աշխատանք հայթայթելու հարցում: Արդյունքում աճ է գրանցում աշխատուժի ցուցանիշը, ինչը իր հերթին նպաստում է գործազրկության մակարդակի ավելացման», - ասում է «Տնտեսական մրցակցության ինստիտուտ»-ից տնտեսագետ Շոն Սնեյթը:

Աշխատանքի ակտիվ որոնմամբ չզբաղված ամերիկացիները գործազուրկ չեն համարվում, և այդ պատճառով աշխատուժում մասնակցության ցուցանիշը հասել է 35 տարվա ընթացքում գրանցված ամենացածր մակարդակի: Դա վերաբերում է 3․2 միլիոն այն ամերիկացիներին, որոնք գործազուրկ են արդեն ավելի քան 27 ամիս:

«Երկարատև գործազրկության մակարդակը Մեծ ճգնաժամից գրանցված ամենաբարձր ցուցանիշների է հասել», - ասում է Քորնելի համալսարանից պրոֆեսոր Շերոն Փոքսթերը:

Չնայած աշխատուժում մասնակցությունը որոշակի աճ է գրանցել, ամերիկացիների մեծամասնության համար դա, սակայն, չի վերածվել եկամուտների ավելացման: Հիմնական ցուցանիշներն այնուամենայնիվ վկայում են այն մասին, որ ֆինանսական ճգնաժամից հինգ տարի անց ԱՄՆ-ի տնտեսության վերականգնումը վերջապես սկսել է թափ հավաքել: