Որտե՞ղ է անցած տարի հայտնաբերված 1 տոննա կոկաինը, և ինչո՞ւ են իրավապահներն այժմ խոսում 788 կիլոգրամի մասին։ Հարցն այսօր խորհրդանական լսումներին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենին ուղղեց ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
«Շատ ուղիղ հարց եմ տալիս՝ ո՞րտեղ է այդ թմրանյութը հիմա գտնվում», - ասաց Խամոյանը:
«Թմրանյութը ոչ մեկ ոչ մի գրամ ոչ մի տեղից չի վերցրել, չի օգտագործել կամ չի իրացրել», - արձագանքեց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը:
«Երբ որ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, իր հաղորդագրության մեջ սևով սպիտակի վրա գրել էր՝ 1 տոննա», - հիշեցրեց ընդդիմադիր պատգամավորը, «մոտ», - ուղղեց ԱԱԾ տնօրենը, Խամոյանը շարունակեց. - «Մոտ մեկ տոննա: Դե գիտե՞ք, կներեք, բայց էդ գրամների, կիլոգրամների տարբերությունը մի քանի միլիոն դոլար արժի: Հիմա, էն մարդը, ով որ հանձնել է էդ թմրանյութը Ազգային անվտանգության ծառայությանը, հայտարարում է, որ շուրջ 230 կիլոգրամը անհետացել է ըստ էության»:
ԱԱԾ տնօրենը համաձայնեց՝ իսկապես, անցած տարի, երբ հաղորդագրություն տարածեցին, նշել էին, որ հայտնաբերվել է շուրջ 1 տոննա կոկաին, բայց հետո պարզվել է, որ ավելի քիչ է. - «Երբ նշված թմրանյութը հայտնվել է մեր մոտ, եղել է 42 արկղ, և էդ արկղերի կշիռը եղել է 20-25 կգ։ Եվ մեր հաղորդագրության մեջ նախնական տրվել է մոտ 1 տոննա։ Որից մեկ շաբաթ անց տրվել է փորձաքննության, և հստակ քաշը՝ 788 կգ-ի մասին է խոսքը։ Եվ այս պահին Քննչական կոմիտեում նախաքննությունը ընթանում է: Անհոգ եղեք, թմրանյութը ոչ մեկ ոչ մի գրամ ոչ մի տեղից չի վերցրել»:
Անցած տարվա մայիսին ԱԱԾ-ն տեղեկացրեց. - «Հայաստանում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի, Իտալիայի և Վրաստանի տարածքով Հայաստան է ներմուծվել «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց (շուրջ 250 միլիոն եվրո արժողության), որը հայտնաբերվել և գտնվում է ԱԱԾ-ում»:
«Մեկուկես տարի է անցել էդ գործից, որևէ անձ կալանավորված չի: Ես ուզում եմ հասկանալ՝ ինչքա՞ն պետք է անցնի, ինչքա՞ն ժամանակ պետք է անցնի, որ էդ գործը բացահայտվի: Էդ թմրանյութը ո՞նց է հասել Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, ո՞նց է էդ մաքսային գոտին անցել, և մաքսայինի որևէ աշխատակից՝ մաքսայինի պետ կլինի, պետի տեղակալ կլինի, որևէ կարգավիճակ չունի: Էդքան հեշտ է՞ փաստորեն մեր երկիր, չգիտեմ, տոննա կամ կիլոգրամ թմրանյութ ներմուծել», - ընդգծեց Խամոյանը:
«Դուք գիտեք, որ կա մաքսային ուղի՝ կարմիր, կանաչ և դեղին: Քանի որ նշված ընկերությունը երկար տարիներ ներկրել է նշված մթերքը, և որևէ կասկածներ չի եղել, դրա համար ինքը անցել է կանաչ ուղով և զննման չի ենթարկվել», - ասաց Աբազյանը:
Անցած տարի 1 տոննա կոկաինի հայտնաբերման մասին լուրը հաղորդելուց հետո, օրեր անց ԱԱԾ-ն տեղեկացրեց, որ թմրանյութը ներկրել է «Մրգենի» ընկերությունը, ընկերության ներմուծումների և գնման բաժնի պետն էլ ձերբակալվեց։ Դեպքին անդրադարձավ անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առանց անուն տալու նա խորհրդարանում հայտարարեց, թե կոկաինի հասցեատերը նախկին հանրապետական պատգամավոր է:
«Կոկաինը՝ 1 տոննա, կարծես թե հասցեատերը բանանի հայտնի ներկրմամբ զբաղվող ընկերությունն է, որի սեփականատերը Ազգային ժողովի նախկին պատգամավոր է՝ այժմ հետախուզման մեջ գտնվող, և եթե չեմ սխալվում՝ Հանրապետական կուսակցության անդամ», - ասաց վարչապետը:
Բանան ներմուծող «Քեթրին գրուպ»-ի հիմնադիր, ԴԱՀԿ նախկին պետ ու նախկին հանրապետական պատգամավոր Միհրան Պողոսյանին իրավապահներն արդեն չորս տարի է հետախուզում են։ Հայտնի է, որ նա Ռուսաստանում է, բայց այդ երկրի Գլխավոր դատախազությունը մերժել է նրան արտահանձնելու Հայաստանի դիմումը։
Պողոսյանը վերջերս Mediahub-ին տված հարցազրույցում պնդել էր, թե Հայաստան է մտել 1 տոննայից ավել կոկաին, բայց փաստաթղթերի մեջ 730 կգ է նշվել։ «Շատ հետաքրքիր է, ինչ եղավ այն 270 կգ կոկաինը։ Դա թողում եմ իրավապահ մարմիններին, որ իրանք հասկանան», - ասել էր հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանը։
Մեկ տոննա կոկաինի հարցն այսօր խորհրդարանում ուղղեցին նաև գլխավոր դատախազին։ Աննա Վարդապետյանը շեշտեց՝ 788 կգ կոկաինի հետ կապված շատ բան չի կարող բացահայտել։ Միայն տեղեկացրեց, որ իրավական օգնության պահանջ են ուղարկել գործընկեր երկիր։ Երկու այլ երկրից փաստաթղթեր են անհրաժեշտ, որ կարողանան ապացույցներ ձեռք բերել և քրեական հետապնդման նոր շրջանակի հարց քննարկել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Թմրամիջոցի մաքսանենգության գործով Միհրան Պողոսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվելՄիհրան Պողոսյանը հերքում է «Մրգենի» ընկերության կապը կոկաինի ներկրման հետԹմրամիջոցի մաքսանենգության գործով «Մրգենի» ընկերության բաժնի պետի նկատմամբ հետապնդում է հարուցվել ԱԱԾ-ը հաղորդում է մի խումբ անձանց կողմից 250 մլն եվրոյի կոկաինի մաքսանենգության բացահայտման մասին