Ո՞ւր է հայտնաբերված 1 տոննա կոկաինը, ի՞նչ եղավ գործը. ԱԱԾ տնօրենի և գլխավոր դատախազի պարզաբանումները

Հայաստան ներմուծված և առգրավված կոկաինը, մայիս, 2023թ., լուսանկարը՝ ԱԱԾ-ի

Ո՞ւր է դեռ անցած տարի հայտնաբերված 1 տոննա կոկաինը, և ինչո՞ւ են իրավապահներն այժմ խոսում 788 կիլոգրամի մասին. հարցն այսօր Ազգային ժողովում լսումների ժամանակ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենին ուղղեց ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը շտապեց փարատել կասկածները՝ թմրանյութը ոչ ոք չի վերցրել:

«Երբ նշված թմրանյութը հայտնվել է մեր մոտ, եղել է 42 արկղ, արկղերի կշիռը եղել է 20-25 կգ։ Մեր հաղորդագրության մեջ տրվել է մոտ մեկ տոննա։ Մեկ շաբաթ անց տրվել է փորձաքննության, և հստակ քաշը՝ 788 կգ-ի մասին է խոսքը։ Եվ այս պահին Քննչական կոմիտեում նախաքննությունը ընթանում է», - հայտարարեց Աբազյանը:

«Անհոգ եղեք, թմրանյութը ոչ մեկ ոչ մի գրամ ոչ մի տեղից չի վերցրել, չի օգտագործել կամ չի իրացրել», - ասաց ԱԱԾ տնօրենը:

Նույն թեմայով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ասաց. - «788 կգ կոկաինի հետ կապված շատ բան չեմ կարող բացահայտել։ Նշեմ, որ իրավական օգնության պահանջ ենք ուղարկել գործընկեր երկիր։ Նաև գիտեք, որ Եվրոջասթի աշխատանքային համաձայնությունը վերջերս ստորագրեցինք , և հիմա մեր աշխատանքներն այս պահին տանում ենք Եվրոջասթի խողովակներով։ Երկու այլ երկրից մեզ փաստաթղթեր են անհրաժեշտ, որ կարողանանք այդ ապացույցները ձեռք բերել և քրեական հետապնդման նոր շրջանակի հարց քննարկել»:

Անցած տարվա մայիսին ԱԱԾ-ն պաշտոնապես հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ «Հայաստանում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի, Իտալիայի և Վրաստանի տարածքով Հայաստան է ներմուծվել «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց (շուրջ 250 միլիոն եվրո արժողության), որը հայտնաբերվել և գտնվում է ԱԱԾ-ում»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թմրամիջոցի մաքսանենգության գործով հետախուզում է հայտարարվել Միհրան Պողոսյանի նկատմամբ Միհրան Պողոսյանը հերքում է «Մրգենի» ընկերության կապը կոկաինի ներկրման հետԹմրամիջոցի մաքսանենգության գործով «Մրգենի» ընկերության բաժնի պետի նկատմամբ հետապնդում է հարուցվել ԱԱԾ-ը հաղորդում է մի խումբ անձանց կողմից 250 մլն եվրոյի կոկաինի մաքսանենգության բացահայտման մասինՊԵԿ նախագահը խոստովանում է, որ իր ենթակաները մաքսային սահմանի վրա չեն հայտնաբերել թմրամիջոցը

Մանրամասները տե՛ս այստեղ