Ուկրաինան ՆԱՏՕ-ի ապագա անդամներից է՝ Հյուսիսատլանտյան դաշինքի 33-րդ կամ 34-րդ անդամն, այսօր Բրյուսելում, ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ, հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
«Այս պահին կարծես թե Ուկրաինան կլինի 33-րդը», - ասել է Ռյուտեն՝ միաժամանակ չբացառելով, որ տեսականորեն կարող է նաև մեկ այլ երկիր առաջ անցնել Կիևից։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այդուհանդերձ չի հստակեցրել՝ երբ կարող է Ուկրաինան մաս կազմել դաշինքին։
«Եթե կա կոնկրետ հարց՝ «ե՞րբ», ես այս պահին չեմ կարող պատասխանել դրան», - հավելել է Ռյուտեն՝ նշելով, որ դաշնակիցներն այժմ աշխատում են, որպեսզի «կամուրջ» ստեղծեն ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության համար։
Նախօրեին Զելենսկին Գերագույն ռադայում, հրապարակելով Ուկրաինայի «խաղաղության պլանը», հայտարարել էր, թե փաստաթղթի առաջին կետը Ուկրաինային անհապաղ ՆԱՏՕ հրավիրելը պետք է լինի։
Բազմաթիվ արևմտյան լրատվամիջոցներ, վկայակոչելով իրենց աղբյուրները, պնդեցին, որ նման հրավեր ստանալու հավանականությունը փոքր է։ Վաշինգտոնը նույնպես հայտարարում է, որ դրա համար այս պահին պայմաններ չկան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին ներկայացրել է «հաղթանակի պլանը». «Պիտի փոխենք հանգամանքները, որ ՌԴ-ին պարտադրենք խաղաղություն»