Ավելի քան 200 զոհ, որից 20-ը խաղաղ բնակիչներ, երեխաներ. ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։
Կրակը դադարեց միայն սեպտեմբերի 20-ին, երբ Արցախի իշխանություններն ընդունեցին զենքերը վայր դնելու Բաքվի առաջակը, որ փոխանցվել էր Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության միջոցով։
Նույն օրը Բաքուն Ղարաբաղի հայերի ինտեգրման ծրագիր հրապարակեց և հայտարարեց, թե հանդիպում է նախապատրաստում Արցախի ներկայացուցիչների հետ։
Այս հանդիպումից մեկ շաբաթ անց Լեռնային Ղարաբաղի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց՝ 2024-ի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լուծարելու վերաբերյալ։ Փաստաթուղթն այդպես էլ չհրապարակվեց։ Ավելի ուշ արդեն Հայաստանում ինքը՝ Շահրամանյանը հայտարարեց՝ ոչ մի փաստաթուղթ չի կարող լուծարել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը։
Տասնամսյա շրջափակումից, 24-ժամյա ռազմական գործողությունից ու Արցախը լուծարելու մասին հայտարարությունից հետո ավելի քան 100 հազար մարդ բռնեց գաղթի ճանապարհը դեպի Հայաստան։ Այդ օրերի ընթացքում Ադրբեջանը ձերբակալեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, այդ թվում՝ պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին, նախկին երեք նախագահներին։ Նրանք 15 մյուս գերիների հետ բանտարկված են Բաքվում։
Արցախի ներկայացուցիչներն այսօր «Եռաբլուր»-ում էին
Արցախի ներկայացուցիչներն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էին՝ հարգանքի տուրք մատուցելու։
«Ռազմական գործողությունների արդյունքում մեր բնակչությունը ստիպված է եղել լքել իրենց հայրենիքը, և մենք մշտապես մեր հիշողություններում ունենալու ենք այն նվիրյալների անունները, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանել են մեր հայրենիքը», - լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Շահրամանյանը։
Արցախի վերջին նախագահն ու պատգամավորները շարունակում են իրենց համարել տեղահանված բնակչության պատասխանատուն։ Ասում են, թե ժողովրդի կողմից ընտրված իշխանության օրակարգում Արցախ վերադարձի հարցն է, սակայն հստակ մեխանիզմներ չեն նշում։
Հայաստանի իշխանություններն այսօր չեն այցելել «Եռաբլուր»։ Կառավարության նիստում էլ անդրադարձ չեղավ մեկ տարի առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքերին, որոնք վարչապետ Փաշինյանը էթնիկ զտում ու բռնի տեղահանություն էր որակել։
Ադրբեջանի ագրեսիային այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն է միայն անդրադարձել։ Առանց դատապարտելու ռազմական հարձակումն՝ արտաքին գերատեսչությունը շեշտում է, թե տեղահանությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտման քաղաքականության վերջին փուլն էր։
Արտգործնախարարությունն ընդգծում է՝ Հարավային Կովկասում կայունության ապահովման հարցում Հայաստանի դիրքորոշումը հստակ է. խաղաղության և հարաբերությունների շուտափույթ հաստատում։
«Վերջինիս կյանքի կոչման՝ այս պահին առկա հնարավորությունը բաց չթողնելու և սերունդների համար առավել կայուն ու արժանապատիվ կյանքի համար նպաստավոր միջավայր ձևավորելու նպատակով այս հարցում շահագրգիռ մյուս դերակատարներից ակնկալում ենք անհրաժեշտ քաղաքական կամքի և խաղաղության օրակարգին հանձնառության հստակ դրսևորում», - ասված է հայտարարությունում։
Թե ում է ուղղված քաղաքական կամք դրսևորելու կոչը, Արտգործնախարարությունը չի հստակեցնում։
Ողբերգական հարձակման տարելիցին՝ այսօր, հարյուրավոր ծնողներ ու հարազատներ այցելել են «Եռաբլուր», որտեղ հուղարկավորվել են նաև սեպտեմբերի 19-ի ագրեսիայի հետևանքով զոհվածների մի մասը: Մյուսների շիրիմները մնացել են Արցախում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախում սեպտեմբերյան մարտերում զոհված զինվորների հարազատները խնդրում են նրանց աճյունները Հայաստան տեղափոխել62-ամյա Նուրան Գաբրիելյանի կրտսեր որդին՝ Նվերը զոհվել է Մարտունու շրջանի Մաճակալաշենի դիրքերում՝ սեփական տնից մի քանի հարյուր մետր հեռու։ Գյուղը սահմանամերձ էր դարձել 44-օրյա պատերազմից հետո։
Կինը որդուն նրա զոհվելուց ժամեր առաջ էր հասցրել տեսնել՝ շատ կարճ ժամանակով, տղան եկել էր իրերը վերցնելու ու դիրքեր բարձրանալու. - «Եկավ, գրկեց, ինձ համբուրեց, կնոջը համբուրեց, էրեխեքը գրկել են հորը՝ «պապ, վախենում ենք»:
Նվերի մահվան, ավագ որդու վիրավորման մասին տիկին Նուրանը հինգ օր անց է միայն իմացել. - «Սպասում ենք, որ մի պատասխան կգա, մի նորություն կգա, ումից հարցնում ենք՝ «չենք տեսել, չենք տեսել»: Ասում եմ՝ չեմ հասկանում, հինգերորդ օրը իմ տալի թոռանը դոշից բռնեցի, ասացի՝ «ասա, կռվումը հո չիր ու չամիչ չեն բաժանում, էտի էլի ինձ բռնե՞ց, կպա՞վ ինձ»: Նվերը զոհվել էր, Քաջիկն էլ վիրավոր էր»:
36-ամյա Նվերը 2016-ի ու 2020-ի պատերազմներին կամավոր էր մասնակցել, 44-օրյայից հետո էլ՝ պայմանագրային զինծառայության անցել։
«Ինքը անընդհատ ինձ կրկնում էր, որ «էրեխեքիս լավ կպահես, ու ապահով մնացեք, ես գնում եմ պաշտպանեմ դիրքերը, որ իմ էրեխեքը ապահով մնան», - պատմեց Նվերի այրին՝ Շուշան Գաբրիելյանը:
Մինչ Նվերը կռվում էր, ընտանիքի մեծերը՝ նրա մանկահասակ երկու երեխաների հետ, հրետակոծություններից փրկվելու համար ստիպված էին լքել Մաճկալաշենը։
«Որ ինքը արդեն շարժվեց դեպի դիրքեր, էդ օրն ենք մենք տեսել՝ արդեն շատ ուժգին կռիվ էր գնում, շատ, չգիտեմ, անբացատրելի վիճակ էր, որովհետև բոլորս էլ վտանգի մեջ էինք, չգիտեինք՝ որտեղ գնայինք, որտեղ փրկվեինք», - շարունակեց Շուշան Գաբրիելյանը:
Նա նշեց՝ չէր էլ մտածում, որ հնարավոր է փրկվել ինտենսիվ հրետակոծություններից, երբ անգամ մեքենայի համար վառելիք չէին ճարում։ Մաճկալաշենից հարևան Սոս, հետո այլ գյուղ են գնացել, բայց, ասում է, ամենուր վտանգավոր էր. - «Սնարյադը [արկը] ուղիղ մեր վերև է ընկել, ու էդտեղից որ արդեն շատ վատ վիճակ էր, շատ ահավոր, անընդհատ կրակում էին, անընդհատ սնարյադներով խփում էին, ու նորից մեզ ասեցին, որ էդ տնից դուրս գանք ու մի քիչ վերև պադվալ [նկուղ] կար էդտեղ, մտնեինք էդտեղ: Ու մտել ենք էդտեղ, երևի թե մի ժամ չի տևել, ու մեզ նորից հանել են... »: