ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը միավոր է բերում Ֆարերյան կղզիներից

Հայաստանի հավաքականը Ֆարերյան կղզիների թիմի հետ հանդիպումից առաջ, լուսանկարը՝ ՀՖՖ-ի

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Տորսհավնում ոչ-ոքի՝ 2:2 խաղաց Ֆարերյան կղզիների ընտրանու հետ:

Հանդիպման հաշիվը 37-րդ րոպեին հեռվից հարվածով բացեց Յան Բենյամինսենը, 44-րդ րոպեին Լուկաս Սելարայանը տուգանային հարվածով հավասարեցրեց այն: Երկրորդ խաղակեսի վերջում դաշտի տերերը կրկին առաջ անցան՝ 85-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Յոաննես Բյարտալյոն, սակայն խաղի հիմնական ժամանակին մրցավարի ավելացրած րոպեներին Գոռ Մանվելյանը սուր անկյան տակ գեղեցիկ հարվածով վերականգնեց հաշվի հավասարակշռությունը:

Հանդիպումն անցավ Հայաստանի հավաքականի տարածքային և խաղային զգալի առավելությամբ:

C դիվիզիոնի 4-րդ խմբի մյուս խաղում Հյուսիսային Մակեդոնիան մրցակցի հարկի տակ 3:0 հաշվով առավելության հասավ Լատվիայի թիմի նկատմամբ:

Երեք տուրից հետո խմբի մրցաշարային աղյուսակը 7 միավորով գլխավորում է Հյուսիսային Մակեդոնիան, Հայաստանը 4 միավորով երկրորդն է, երրորդը Լատվիան է՝ 3 միավորով, չորրորդը՝ Ֆարերյան կղզիները՝ 2 միավորով:

Հաջորդ տուրում Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 13-ին կընդունի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պետրակով. «Վաղը լավ հանդիպում է սպասվում»Պետրակով. «Սա իմ պարտությունն էր և ամոթը»Հայաստանը խոշոր հաշվով հաղթանակով սկսեց ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարը