Թյուրքական պետությունների անդամ և դիտորդ երկրների ղեկավարների այցը Իլհամ Ալիևը գնահատել է որպես «եղբայրական համերաշխության դրսևորում»։
Ելույթ ունենալով այդ կազմակերպության անդամ պետությունների առաջնորդների Շուշիում գումարված ոչ պաշտոնական գագաթնաժողովին, Ադրբեջանի նախագահը հայտարարել է՝ մինչև այս տարվա վերջ Բաքուն մտադիր է 20 հազար ադրբեջանցի բնակեցնել Ղարաբաղում։
Թյուրքական պետությունների անդամ Ղրղըզստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Թուրքիան մի շարք շինարարական ծրագրեր են իրականացնում Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում։
«Թյուրքական պետությունների ղեկավարների այցերը ազատագրված հողեր եղբայրական համերաշխության դրսևորում են։ Թուրքիայի նախագահն այցելել է Շուշա(Շուշի), Ֆիզուլի, Զանգիլան և Ջեբրայիլ, Ուզբեկստանի և Ղազախստանի նախագահները՝ Շուշա(Շուշի), և Ֆիզուլի, Ղրղըզստանի նախագահը՝ Ֆիզուլի և Աղդամ», - թվարկել է Ալիևը: