Բարաք Օբամայի հետ Աֆրիկա մեկնած Բեն Ռոդեսը Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականի տեղակալն է: Ըստ նրա՝ տարածաշրջանային գործընկերները պետք է միասին վերացնեն «Իսլամական պետություն» խմբավորման ապաստարանները. - «Մենք մեր գործընկերներին խրախուսում ենք միանալ այս կռվին և նաև ակնհայտ լավ հարաբերություններ ենք պահպանում Իրաքի հյուսիսի քրդական իշխանությունների հետ: Թուրքիան իրավունք ունի գործելու ահաբեկչական թիրախների դեմ, և մենք, իհարկե, ողջունում ենք «Իսլամական պետություն» խմբավորման դեմ ջանքերը մեծացնելու Թուրքիայի մղումը: Մենք շարունակական կապ կպահպանենք նրանց հետ առաջիկայում»: Ռոդեսի կարծիքով՝ Թուրքիայի գործողությունները կարող են ավելի լայն ու ավելի արդյունավետ դարձնել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ իրականացվող գործողությունները:
Սակայն Թուրքիան Քրդական աշխատավորական կուսակցությանը (PKK) մեղադրանք է ներկայացրել վերջին բախումների պատճառով, որը խլել է թուրքական անվտանգության ուժերի երեք ծառայողների կյանքը, ինչպես նաև Թուրքիայի քաղաքացիներ ու պաշտոնյաներ են առևանգվել: Քրդերի դեմ Անկարայի կողմից իրականացվող օդային հարվածները հարցականի տակ են դնում երեք տարի տևած հեղհեղուկ զինադադարը: Քրդական աշխատավորական կուսակցությունը հայտարարել է, որ զինադադարը այլևս չի գործում:
«Իսլամական պետություն» խմբավորմանը հակազդելու գծով ԱՄՆ-ի նախագահական հատուկ դեսպանորդի տեղակալ Բրեթ ՄըքԳուրկը կիրակի օրը նշել էր, որ քրդերի դեմ թուրքական օդային հարվածների ու ջիհադականների դեմ համատեղ գործելու՝ ԱՄՆ-ի ու Թուրքիայի վերջին պայմանավորվածությունների միջև կապ չկա: Սակայն ըստ Սան Ֆրանցիսկոյի համալսարանի տարածաշրջանի գծով վերլուծաբան Սթիվեն Զյունսի՝ թուրքական գրոհները ավելի են բարդացնում դրությունը այդ տարածաշրջանում. - «Քրդական աշխատավորական կուսակցության և Սիրիայում հիմնավորված նրա մերձավոր դաշնակից քրդական ուժերի մարտիկները «Իսլամական պետություն» խմբավորման դեմ կռվող ամենաարդյունավետ ու գործուն ուժերից են: Սակայն ստացվում է, որ ԱՄՆ-ի կողմից զինված Թուրքիայի ռազմական ուժերը հարվածներ են հասցնում քրդական ուժերին, որոնք դաշնակցում են Վաշինգտոնի հետ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ»:
Սթիվեն Զյունսը և Առաջավոր Ասիայի քաղաքականության հաստատությունից նրա գործընկեր Ջեյմս Ջեֆրին, որը նաև Իրաքում ԱՄՆ-ի նախկին դեսպանն է, հավատացած են, որ սա ազդելու է նաև Թուրքիայի ներքին քաղաքական իրադրության վրա: Ըստ Ջեֆրիի՝ թուրքական ռազմական ծավալուն գործողություններ չեն ակնկալվում:
ԱՄՆ-ին իր ռազմակայաններից օգտվել արտոնելու դիմաց Թուրքիան պահանջել է աջակցել իրեն Սիրիայում թռիչքազերծ ու միջանկյալ ցամաքային գոտու հաստատմանը: Դա նպատակաուղղված է Սիրիայի փախստականներին Թուրքիայի տարածքում տեղավորելուն և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարության վրա ճնշում բանեցնելուն: ԱՄՆ-ի կառավարությունը չի հաստատել այս տեղեկությունը, բայց այն քննարկման առարկա է, և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը փորձում է ստանալ ՆԱՏՕ-ի աջակցությունը, քանի որ մտադրված է նշանակալիորեն անցնել Սիրիայի սահմանը: