Վաշինգտոնը շարունակում է օժանդակել թուրք-իսրայելական հարաբերությունների բարելավմանը

Փորձագետների կարծիքով, այդ հարաբերությունների կարգավորումը ԱՄՆ-ին հնարավորություն կտա զսպել Իրանի աճող ազդեցությունը տարածաշրջանում:

Իսրայելական հատուկ ստորաբաժանման կողմից 2010-ին Գազայի պաշարումը ճեղքել փորձող Թուրքիայի 9 քաղաքացիների սպանությունը խիստ բացասաբար անդրադարձավ երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների վրա: Վաշինգտոնը մեծ ջանքեր էր գործադրում` կարգավորելու տարածաշրջանում իր երկու դաշնակիցների միջև սրված հակասությունները, որոնք ավելի էին բարդանում «Իսլամական պետություն» խմբավորման նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության հարցում Անկարայի հետ տարաձայնություններով:

Թեև մի շարք տարաձայնություններ արդեն հարթվել են, թուրքական «Ջումհուրիեթ» թերթի ու «Ալ Մոնիթոր» կայքէջի քաղաքական մեկնաբան Սեմիհ Իդիզը ասում է, որ Վաշինգտոնը շարունակում է դիվանագիտական քայլեր ձեռնարկել դաշնակիցների հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ:

Ըստ նրա, այդ կարգավորումը միտված է Իսրայելի և Թուրքիայի միջև երկխոսության հաստատմանը: Ընդ որում, Վաշինգտոնը դրանում ներառում է հարցերի ավելի լայն շրջանակ, ոչ թե միայն «Իսլամական պետություն» խմբավորման խնդիրը:

Ըստ որոշ փորձագետների, իսրայելա-թուրքական հարաբերությունների կարգավորումը ԱՄՆ- ին հնարավորություն կտա հակակշռել Իրանի աճող ազդեցությունը տարածաշրջանում: Անկարան կիսում է իր սերտ դաշնակիցներ Քաթարի և Սաուդյան Արաբիայի մտահոգությունները միջուկային գործարքից հետո Թեհրանի հնարավոր հզորացման վերաբերյալ:

Իսրայելի հետ հարաբերությունները վերականգնելու համար Անկարայի նախապայմաններից մեկը Գազայի շրջափակման վերացումն է: Ըստ վերլուծաբանների, դա Էրդողանի կուսակցությանը թույլ կտա ստանալ իսլամիստների ձայները ընտրությունների ժամանակ:

Բրյուսելի «Քարնեգի» հաստատության գիտնական Սինան Ուլգենի կարծիքով, թուրքական կառավարության արտաքին քաղաքականությունը կարող է փոփոխություններ կրել, երբ կազմվի կոալիցիոն կառավարություն և դրանում ընդգրկվի Ժողովրդա-հանրապետական ազգայնական կուսակցությունը։

Նման կոալիցիոն կառավարությունը քաղաքականապես կարող է հարմար լինել Էրդողանի կուսակցությանը, որի ղեկավարները ընտրություններից հետո հայտարարել են, թե մտադիր են ամրապնդել Թուրքիայի ու հարևանների միջև հարաբերությունները: