Տրանսպորտի թանկացման դեմ նախագիծը Երևանի ավագանին չքննարկեց․ իշխանական կոալիցիան չմասնակցեց

Երևանի ավագանին այսօր հանրային տրանսպորտի թանկացման դեմ ընդդիմադիր «Մայր Հայաստան»-ի ստորագրահավաքի հիմքով ներկայացրած նախագիծը պետք է քննարկեր, որն առաջարկում էր մեկ ուղևորափոխադրման համար նախկին 100 դրամ սակագինը վերադարձնել՝ նվազեցնելով նաև մյուս փաթեթների գները:

Բանը, սակայն, ոչ քննարկման հասավ, ոչ էլ, առավել ևս, քվեարկության: Իշխող «Քաղաքացիական պայմանագրից» հայտարարեցին՝ իրենց դիրքորոշումն անփոփոխ է, հարցն այլևս արդիական չէ, և կոալիցիոն գործընկեր «Հանրապետության» հետ հարցի քննարկմանը չեն մասնակցի:

Իշխանություններն այդպես էլ վարվեցին. մեկը մարդու պես դուրս եկան նիստերի դահլիճից: Ընդդիմությունն էլ վերցրեց հեռախոսներն ու դահլիճից դիմեց հետևորդներին. - «Տեսեք, տեսեք սիրելի քաղաքացիներ, տրանսպորտի թանկացումը ..․ ըհը, խնդրեմ, նայեք, ՔՊ-ն և «Հանրապետություն»-ը դեմ են գնում ձեզ և փախնում են նիստերի դահլիճից»։

«Մայր Հայաստան»-ից Մանուկ Սուքիասյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ իշխանությունների քայլն ուղղված էր ոչ թե իրենց, այլ ստորագրահավաքին մասնակցած հազարավոր երևանցիներին. - «Իրանք մեզ չբոյկոտեցին, իրանք բոյկոտեցին 17 հազար երևանցու ստորագրությունը, դրանով ցույց տվեցին նաև, որ իրենք նաև քաղաքական, քաղաքացիական առումներով էլ, նաև որպես երևանցի էլ իրենք սպառվել են, իրենք պաթոլոգիկ վախեր ունեն, իրենք խայտառակ ցածր վարկանիշ ունեն»։

«Տեսեք, մենք արդեն մեկուկես տարի էս դահլիճում էս հարցերը քննարկել ենք, ու նաև մենք քննարկել ենք մյուս խմբակցության կողմից ներկայացված ստորագրահավաքի հիմքով, որը որ 80 հազար քաղաքացու ստորագրություն էր, այսինքն՝ մենք արդեն էդ հարցը ըստ էության քննարկել ենք», - հայտարարեց Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։

Ընդդիմադիրների ստորագրահավաքին մասնակցած հազարավոր քաղաքացիներն իրենց արհամարհված չե՞ն զգա, եթե իմանան, որ իշխանություններն անգամ նիստերի դահլիճում չեն ցանկացել մնալ, «Ազատություն»-ը հարցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարին։

«Ես էլ կարող եմ ասել, որ հարյուր հազարավոր քաղաքացիներ կան, ովքեր որ օգտվում են նոր տրանսպորտային համակարգից նոր սակագներով, հատկապես որ ակնհայտ է, որ բոյկոտ տեղի չի ունեցել, և քաղաքացիները պատշաճ օգտվում են», - արձագանքեց Գալջյանը։

Անցած ամիս ավագանու նիստի օրակարգում էր սակագների մասին ստորագրահավաք իրականացրած ընդդիմադիր մյուս ուժի՝ «Ազգային առաջընթաց»-ի նախագիծը: Այն, սակայն, քննարկեցին. ճիշտ է՝ քաղաքային իշխանությունները դեմ քվեարկեցին, տրանսպորտի սակագինն անփոփոխ մնաց:

Դահլիճից հեռանալն անհարգալից չէ՞ ստորագրահավաքի մասնակիցների նկատմամբ, «Ազատություն»-ը հարցրեց «Քաղաքացիական պայմանագրի» կոալիցիոն գործընկեր «Հանրապետությունից» Անի Խաչատրյանին։

«Հազարավոր մարդկանց համաձայնություններ էլ ունենք մենք, քվե ունենք մենք, որը հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ մեզ տվել են վստահության քվե, ու մենք այսօր այստեղ ենք, և իրենց վստահության քվեով, ընտրություններին տրված վստահության քվեով մենք բերում ենք մեր նախագծերը, մեր օրինագծերը, և ընդունվում է, կամ չի ընդունվում», - պատասխանեց Խաչատրյանը։

Ավագանու իշխանական անդամների դահլիճից հեռանալուց հետո անջատվեց նիստի պաշտոնական ուղիղ հեռարձակումը: Ավագանու նիստերի հեռարձակումն օրենքի պահանջ է: «Մայր Հայաստան»-ի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը, որն ընտրություններից հետո հրաժարվել էր ավագանու մանդատից, նախագծի ու իշխանության քայլի մասին խոսեց առանց ուղիղ եթերի.

«Թե ինչի են որոշել խուսափել բովանդակային քննարկումից, կարող եք ենթադրել։ Սա ցույց է տալիս, որ որևէ առարկայական պատասխան իրենք չունեին, սա ցույց է տալիս, որ բառիս բուն իմաստով քաղաքացիների թալան է տեղի ունենում,150 դրամով իրենք թալանում են քաղաքացիներին»։

Թե ինչու և ինչ հիմքով ընդհատվեց ուղիղ եթերը, «Ազատություն»-ը քաղաքապետարանից հստակ պատասխան չստացավ: Այս ամենից հետո միայն հայտարարվեց, թե քվորում չլինելու պատճառով նիստը համարվում է չկայացած:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Երևանի քաղաքապետարանը մտադիր է տրանսպորտի համար չվճարող ուղևորներին տուգանել 15 հազար դրամովՎալիդատորը չի ճանաչում քարտը, անհարմարություններ վճարելիս. ԹելՍելից բացատրում են պատճառները Սկանդալային ձայնագրություններ տրանսպորտի շուրջ. վարորդներին տարբեր հորդորներ են անումՆոր սակագները բոյկոտող և չվճարող քաղաքացիները խոչընդոտում են տրանսպորտի զարգացմանը. ԱվինյանԸնդդիմադիրները վստահեցնում են՝ տրանսպորտի թանկացման դեմ պայքարը շարունակելու են