ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յոթ դաշնային գործակալությունները կրճատելու հրամանագիր է ստորագրել։
Կրճատման ենթակա գործակալությունների թվում նաև ԱՄՆ գլոբալ լրատվամիջոցների գործակալությունն է (USAGM), որը վերահսկում է «Ազատություն ռադիոկայան» և «Ամերիկայի ձայն» լրատվամիջոցները։
Հրամանագիրը ստորագրվել է մարտի 14-ի ուշ երեկոյան և վերաբերում է նաև անօթևանների, աշխատանքային վեճերի և համայնքների զարգացման հարցերով զբաղվող գործակալություններին։
Հրամանի հրապարակման օրվանից 7 օրվա ընթացքում գործակալության ղեկավարները պետք է հրամանի կատարման մասին հաշվետվություն ներկայացնեն Կառավարման և բյուջեի գրասենյակի տնօրենին։
Հրամանի հրապարակումից ժամեր անց լրատվամիջոցները տարածեցին USAGM-ի նամակը, համաձայն որի՝ Կոնգրեսի հաստատմամբ հատկացվող դրամաշնորհը, որով ֆինանսավորվում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը, դադարեցվել է:
Նամակը ստորագրել է Քերի Լեյքը, ով իր պաշտոնը նշում է որպես գործակալության գործադիր տնօրենի պաշտոնակատարի ավագ խորհրդական՝ օժտված տնօրենի պաշտոնակատարի կողմից պատվիրակված լիազորություններով:
Լեյքին Թրամփն առաջադրել է «Ամերիկայի ձայն»-ը ղեկավարելու համար, թեև նրա թեկնածությունը դեռ պետք է հաստատվի Միջազգային հեռարձակման խորհրդատվական խորհրդի կողմից (IBAB):
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Սթիվեն Կապուսը հայտարարել է, որ դրամաշնորհի համաձայնության չեղարկումը «հսկայական նվեր կլիներ Ամերիկայի թշնամիների համար»:
«Իրանի այաթոլաները, Չինաստանի կոմունիստ առաջնորդները, բռնապետները Մոսկվայում և Մինսկում կտոնեին «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի վախճանը 75 տարի անց: Մեր հակառակորդներին հաղթանակ շնորհելը նրանց կուժեղացներ, իսկ Ամերիկան կթուլացներ», - ընդգծել է Կապուսը:
«Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի ամբողջ պատմության ընթացքում մենք ուժեղ երկկուսակցական աջակցություն ենք վայելել: Առանց մեզ, փակ հասարակություններում շաբաթական մոտ 50 միլիոն մարդ, ովքեր կախված են մեզնից ճշգրիտ լուրեր և տեղեկատվություն ստանալու հարցում, կզրկվի Ամերիկայի և աշխարհի մասին ճշմարտության հասանելիությունից», - շեշտել է Սթիվեն Կապուսը:
USAGM-ն անկախ պետական գործակալություն է, որը վերահսկում է մոտ 50 լեզուներով լուրերի և տեղեկատվության հեռարձակումը։ 2025-ի համար USAGM-ին անհրաժեշտ բյուջեն կազմել է 950 միլիոն դոլար, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանը, «Ամերիկայի ձայն»-ը, «Ազատ Ասիա» ռադիոն, «Կուբայի հեռարձակման գրասենյակը» (Radio Marti), «Մերձավոր Արևելքի հեռարձակման ցանցերը» (MBN) և «Բաց տեխնոլոգիաների հիմնադրամը» ֆինանսավորելու համար։
Թրամփը, որ հունվարին պաշտոնը ստանձնելուց ի վեր մի շարք քայլեր է ձեռնարկել կրճատելու կառավարության ծախսերն, իր պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում, ընդհարում էր ունեցել USAGM-ի հետ խմբագրական անկախության և ծրագրերի ուղղվածության շուրջ:
Նույն պնդումները նա արել է Սպիտակ տուն վերադառնալուց հետո, մինչդեռ հեռարձակողների աջակիցները կարծում են, որ այս լրատվամիջոցները կարևոր զենք են ԱՄՆ դիվանագիտության համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ չեղարկում է USAID-ի ծրագրերի 83 տոկոսը․ Ռուբիո