ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը սպառնացել է վերահսկողություն հաստատել Պանամայի ջրանցքի նկատմամբ՝ մեղադրելով Պանամային՝ ջրանցքի անցման համար չափազանց մեծ գումարներ գանձելու մեջ, հաղորդում է Reuters-ը։
Սա արհեստական ջրանցք է, որն իրար է կապում Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները։ Այս ջրանցքը կարևոր նշանակություն ունի Ասիայից նավերով ավտոմեքենաների և առևտրային ապրանքների ԱՄՆ ներմուծման և արտահանման համար։
Արիզոնայում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ Թրամփը նաև ասել է, որ թույլ չի տա, որ ջրանցը «սխալ ձեռք» ընկնի՝ նախազգուշացնելով անցուղու վրա չինական հնարավոր ազդեցության մասին:
Իր ելույթում Թրամփը շեշտել է՝ «ջրանցքը տրվել է Պանամային ու Պանամայի ժողովրդին, բայց այն ունի դրույթներ»։
«Եթե չպահպանվեն նվիրատվության այս մեծահոգի ժեստի սկզբունքները՝ թե՛ բարոյական, թե՛ իրավական, մենք կպահանջենք, որ Պանամայի ջրանցքը վերադարձվի մեզ՝ ամբողջությամբ և արագ», - հայտարարել է ԱՄՆ նորընտիր նախագահը։
Միջոցառումից հետո նա Truth Social-ում ջրացքի վրա ամերիկյան դրոշով լուսանկար է հրապարակել՝ գրելով․ - «Բարի գալուստ Միացյալ Նահանգների ջրանցք»։
Պանամայի նախագահն արձագանքել է՝ շեշտելով՝ «Պանամայի անկախությունը սակարկման ենթակա չէ», և որ «Չինաստանը որևէ ազդեցություն չունի ջրանցքի վրա»:
Նա նաև պաշտպանել է Պանամայի կողմից գանձվող անցումների դրույքաչափերը։
Միացյալ Նահանգներն է մեծամասամբ կառուցել ջրանցքն ու տասնամյակներ կառավարել այն ու շրջապատող տարածքը: ԱՄՆ-ն ու Պանաման 1977 թվականին համաձայնագիր ստորագրեցին, ըստ որի, ջրանցքի ամբողջական վերահսկողությունն անցնում է Պանամային։ Այն իրագործվեց 1999 թվականին և ամերիկապանամական միասնական վերահսկողության շրջանից հետո, ջրանցքի վերահսկողությունն ամբողջությամբ անցավ Պանամայի կառավարությանը։
«Պանամայի ջրանցքի և շրջակա տարածքի յուրաքանչյուր քառակուսի մետրը պատկանում է Պանամային և կշարունակի պատկանել», - ասել է Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն իր հայտարարության մեջ, որը հրապարակվել է X-ի իր էջում։