Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման համար։ Թրամփը չի հստակեցրել, թե երբ կարող է կայանալ հանդիպումը։
«Նա ցանկանում է հանդիպել, իսկ մենք պատրաստվում ենք»,- Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է ԱՄՆ նորընտիր նախագահը` պատասխանելով լրագրողների հարցերին։ Թրամփը հավելել է, որ Պուտինը հայտարարել է հանդիպելու ցանկության մասին։
«Մենք պետք է վերջ տանք այս պատերազմին: Դա արյունալի խառնաշփոթ է», - ասել է Դոնալդ Թրամփը:
ԱՄՆ նորընտիր նախագահը չի հրապարակել առաջիկա հանդիպման մանրամասները՝ ասելով, որ «կնախընտրեր սպասել մինչև [հունվարի] 20-ը»՝ իր երդմնակալության օրը։
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը պատրաստ է Թրամփի հետ հանդիպել առանց որևէ նախապայմանի։
Իր հերթին Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն այսօր ասել է, որ Ուկրաինան ակնկալում է բարձր մակարդակի շփումներ ԱՄՆ նոր վարչակազմի հետ Դոնալդ Թրամփի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո, ներառյալ Թրամփի և նախագահ Վլադիմիր Զելենսկիի հանդիպում։
ԱՄՆ նորընտիր նախագահը բազմիցս ասել է լրագրողներին, որ «ակտիվորեն աշխատում է» ուկրաինական պատերազմին վերջ տալու համար։ Ընտրություններում իր հաղթանակից առաջ Թրամփը խոստացել էր դա անել «24 ժամվա ընթացքում» և նույնիսկ հունվարին իր երդմնակալության արարողությունից առաջ, սակայն մանրամասներ չէր հայտնել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մենք փորձում ենք կանգնեցնել սարսափելի պատերազմն» Ուկրաինայում․ Թրամփ