Թրամփը Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարի պաշտոնում առաջադրել է Փաթելի թեկնածությունը

Հանրապետական նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է՝ Ներքին անվտանգության նախարարության նախկին պաշտոնյա և իր հավատարիմ Քեշ Փաթելը ղեկավարի Հետաքննությունների դաշնային բյուրոն։ Սրանով նա, ըստ էության, ազդարարում է բյուրոյի ներկայիս տնօրեն Քրիստոֆեր Ռեյին պաշտոնանկ անելու մասին:

Փաթելն աշխատել է Սպիտակ տանը Թրամփի առաջին ժամկետի ժամանակ։ Առանցքային դեր է խաղացել 2016 թվականի ընտրություններից առաջ Ռուսաստանի հետ Թրամփի կապերի մասին պնդումները հերքելու գործում:

Թրամփն արդեն առաջարկել էր Փաթելին նշանակել ՀԴԲ-ի ղեկավարի պաշտոնում 2021 թվականին։ Այդ ժամանակ Փաթելն առաջարկել էր ՀԴԲ-ից հեռացնել բոլոր այն աշխատակիցներին, ովքեր չեն կիսում Թրամփի տեսակետները և փակել հետախուզական տվյալների հավաքագրող բաժինները:

2005 թվականին իրավաբանական դպրոցն ավարտելուց հետո նա ութ տարի աշխատել է Ֆլորիդայում որպես հանրային պաշտպան: Ներկայացնում էր ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող հաճախորդներին: 2014 թվականին միացել է Արդարադատության նախարարությանը, իսկ 2017 թվականին նշանակվել է Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի հակաահաբեկչական հարցերով ավագ խորհրդական։

2020-ի նոյեմբերին Թրամփը Փաթելին նշանակեց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Քրիստոֆեր Միլլերի աշխատակազմի ղեկավար։