Նոր թեկնածուն
Մեթ Գետցի՝ ԱՄՆ-ի գլխավոր դատախազի թեկնածությունից հրաժարվելուց մի քանի ժամ անց նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն այդ պաշտոնում նոր թեկնածու առաջարկեց՝ 59-ամյա Փեմ Բոնդին՝ դարձյալ Ֆլորիդայից։ Նա 2011-2019 թվականներին եղել է Ֆլորիդայի առաջին կին գլխավոր դատախազը։
Ի տարբերություն Գետցի, ով փորձառություն չունի արդարադատության դեպարտամենտում, գլխավոր դատախազի պաշտոնի համար Թրամփի նոր ընտրյալը՝ Փեմ Բոնդին, տարիների փորձ ունի իրավապահ համակարգում։ Նա ութ տարի Ֆլորիդայի գլխավոր դատախազն է եղել, Թրամփի առաջին ժամկետի ընթացքում աշխատել է թմրամիջոցների դեմ պայքարի հանձնաժողովում։ Բոնդին նաև ներգրավված է եղել Թրամփի պաշտպանական թիմում։
ԱՄՆ ընտրված նախագահի դեմ բազմաթիվ քրեական գործեր կան, և Բոնդիի ընտրության մասին հայտարարելիս նա գրել է. «Շատ ժամանակ Դեմոկրատական կուսակցության ազդեցությամբ Արդարադատության վարչությունը որպես զենք է կիրառվել իմ և այլ հանրապետականների դեմ։ Այլևս չի կիրառվի»։
Գետցը՝ վիճահարույց կերպար
Գլխավոր դատախազի պաշտոնից հրաժարված Գետցն այնքան վիճահարույց կերպար էր, որ նրա առաջադրումը Սենատում անգամ համակուսակից հանրապետականների հակազդեցությանն էր բախվել։
Գետցի դեմ լուրջ մեղադրանքներ կան առաջադրված՝ անչափահաս 17-ամյա աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու և թմրամիջոցների ապօրինի օգտագործման համար: Ինքը՝ Գետցը, չի ընդունում մեղադրանքները, բայց որոշել է հրաժարվել առաջադրումից, քանի որ իր առաջադրումը գուցե խոչընդոտներ ստեղծի Թրամփի համար նոր վարչակազմի ձևավորման հարցում։
«Ես միշտ հպարտ կլինեմ, որ նախագահ Թրամփն ինձ առաջարկեց այս պաշտոնում, և ես վստահ եմ, որ նա կփրկի Ամերիկան»,-
գրել է նա X-ում։
Էթիկայի հանձնաժողովը չորեքշաբթի օրը այդպես էլ համաձայնության չեկավ նրա վերաբերյալ զեկույցը հրապարակելու հարցում։ Հանձնաժողովի հանրապետական ղեկավարն Մայքլ Գեսթը կարծում է՝ գործընթացը պետք է ավարտվի։ Եվս մեկ նիստ հանձնաժողովը կանցկացնի դեկտեմբերի 5 -ին՝ դարձյալ որոշելու ՝ արդյոք պետք է զեկույցը հանրայնացնել, թե ոչ։
Politico-ն գրում է, որ դեմոկրատ կոնգրեսական Շոն Կաստենը ավելի վաղ հայտարարել է, որ եթե էթիկայի հանձնաժողովը չհրապարակի զեկույցը, ինքը փորձելու է հրապարակմանը հասնել հարցը Կոնգրեսի քննարկմանը դնելով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հանրապետականները բավարար ձայներ են ստացել ողջ Կոնգրեսը վերահսկելու համարՊաշտպանության նախարարի թեկնածուն ևս ներգրավված է սեքսուալ սկանդալում
Թրամփի կողմից առաջադրվածներից Գետցը միակը չէ, որ սեքսուալ սկանդալում է ներգրավված. որպես պաշտպանության նախարարի թեկնածու առաջադրված Fox News-ի հաղորդավար Փիթ Հեգսեթի վերաբերյալ ևս շաբաթ օրը Կալիֆորնիայի ոստիկանությունը զեկույց է հրապարակել։ Դրա համաձայն՝ 2017 թվականին մի կին սեռական ոտնձգության վերաբերյալ բողոք է ներկայացրել Հեգսեթի դեմ, սակայն ոստիկանությունն ի վերջո մեղադրանք չի առաջադրել «հիմնավոր ապացույցների բացակայության» պատճառով։
Հեգսեթը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ գործն ամբողջությամբ քննվել է, և ինքը մաքուր է։ Թրամփը ևս աջակցել է Հեգսեթին՝ հինգշաբթի օրը տարածած հայտարարության մեջ այդ մեղադրանքները կեղծ անվանելով: