Անկարայի մերձակայքում ավիացիայի արտադրությամբ զբաղվող թուրքական TUSAŞ ընկերության վրա ենթադրյալ քուրդ զինյալների երեկվա «ահաբեկչական հարձակման» հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի, վիրավորներինը՝ 22-ի, հաղորդել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։
Նախարարն ասել է, որ հարձակումն իրականացրած երկու անձ է «վնասազերծվել»։
«Ըստ գործելաոճի՝ հարձակումն, ամենայն հավանականությամբ, իրականացրել է «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (PKK)», - հայտարարել է Երլիքայան՝ նշելով, որ հստակ ապացույցների դեպում հանդես կգան հայտարարությամբ։
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը ևս սլաքներն ուղղել է դեպի «Քուրդիստանի բանվորական կուսակցություն՝ նշելով, որ PKK զինյալներն «ամեն անգամ արժանի պատիժ են ստանում, սակայն երբեք ուշքի չեն գալիս»՝ հայտարարելով՝ Թուրքիան «կհետապնդի նրանց, քանի դեռ վերջին ահաբեկիչը չի ոչնչացվել»։
Ըստ թուրքական պետական Anadolu գործակալության՝ դեպքով հետաքննություն է ընթանում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է «ահաբեկչական հարձակումը»։
«Թուրքիային ուղղված կեղտոտ ձեռքերն անպայման կոտրվելու են», - X-ում գրել է Էրդողանը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նույնպես դատապարտել է՝ հայտարարելով․ - «Միացյալ Նահանգները կանգնած է իր դաշնակից Թուրքիայի կողքին և խստորեն դատապարտում է այսօրվա ահաբեկչությունը»։
TUSAS ընկերությունը նախագծում, արտադրում է քաղաքացիական և ռազմական ինքնաթիռներ, անօդաչու թռչող սարքեր և այլ պաշտպանական, տիեզերական համակարգեր:
Սոցցանցերում տարածված տեսանյութում երևում է, որ ընկերության տարածքում խոշոր պայթյուն է որոտում։ Ավելի ուշ հեռուստատեսությամբ ցուցադրվել է ընկերության անվտանգության տեսախցիկներից մի տեսանյութ, որտեղ երևում է մի տղամարդ՝ սովորական հագուստով, ուսապարկով և ինքնաձիգով:
Տեղական լրատվամիջոցները հայտնում են նաև, որ անվտանգության ուժերի տարածք մտնելուց հետո կրակոցներ են հնչել։ Շենքի վրայով ուղղաթիռներ են թռչել։ Սակայն հարձակման մասին լրատվամիջոցների լուսաբանումները ժամանակավորապես դադարեցվել են, քայլեր են ձեռնարկվել նաև սոցիալական ցանցերն արգելափակելու ուղղությամբ։
Լրատվամիջոցների փոխանցմամբ, հարձակումը տեղի է ունեցել փետրվարի 23-ին, տեղական ժամանակով 15։20-ին, մահապարտը ռումբ է տեղադրել: Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հարձակվողները երեքն են եղել:
Հարձակվողների թվի մասին պաշտոնական տեղեկատվություն առայժմ չկա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ահաբեկչությանն արդարացում չկա. Երևանը՝ Անկարայում հարձակման մասին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զինված հարձակում Անկարայում՝ ավիացիայի արտադրությամբ զբաղվող TUSAŞ ընկերության վրա․ առնվազն 4 զոհ, 14 վիրավոր