Սուզանավ ու տասնյակ ռազմանավեր. ինչու է Թուրքիան ընդլայնում իր ռազմածովային ուժերը

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ վերջերս շահագործման հանձնվեց Թուրքիայի ամենանոր սուզանավը. սրան զուգահեռ Անկարան տասնյակ այլ ռազմանավեր է կառուցում։

Միջազգայնագետ, Ստամբուլի Kadir Has համալսարանի պրոֆեսոր Սերհատ Գուվենչը կարծում է՝ սա Թուրքիայի ազդեցության գոտիներն ընդլայնելու Էրդողանի ծրագրի մասն է։

«Քաթարից մինչև Սոմալի ու Սիրիա․ նավատորմի համար սա նշանակում է ավելի մեծ դեր ստանձնել երկրի պաշտպանության գործում, սա վերաիմաստավորվում է, այն այլևս տարածքի պաշտպանություն չէ, այլ մի բան, որը սկսվում է սահմաններից այն կողմ», - ասել է միջազգայնագետը։

Թուրքիան ռազմաբազաներ ունի Քաթարում, Լիբիայում, Սոմալիում, այս երկրների հետ նաև ռազմածովային համաձայնագրեր է ստորագրել։ Պաշտոնական Անկարան պնդում է՝ իր կարողությունների ընդլայնումը տարածաշրջանային աճող սպառնալիքներին դիմագրավելուն ու ՆԱՏՕ-ում ստանձնած պարտավորությունները կատարելուն է միտված։

Նախագահի խորհրդական, միջազգայնագետ Մեսութ Քասինի խոսքով՝ սա ձեռնտու է ՆԱՏՕ-ին ու Արևմուտքին։

«Բոլոր հակամարտությունները Թուրքիայի շրջակայքում են՝ Սև ծովում, Միջերկրականում նաև Կարմիր ծովում և վերջապես՝ նավթի անվտանգությունը», - ասել է Քասինը։

Հունաստանը մտահոգ է


Այս ամենը, սակայն, հարևան Հունաստանին է մտահոգում, Էգեյանում ու Միջերկրականում երկու երկրները մի շարք տարածքային վեճեր ունեն։ Իսրայելում նույնպես անհանգիստ են։

Թել Ավիվի ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Գալյա Լինդենշտրաուսի կարծիքով՝ Թուրքիայի այս քայլերից հետո իսրայելական բանակն անելիք ունի։

«Իմ կարծիքով, սրանցից որոշները նաև Իսրայելի դեմ կուղղվեն, սա չի նշանակում, որ ուղիղ համակարտություն կլինի, բայց սա նշանակում է, որ իսրայելական բանակն այս ամենը պետք է հաշվի առնի», - ասել է փորձագետը։

Անկարայից ևս մտահոգություններ են հնչում


Իր նավատորմը նաև Հունաստանն է արդիականացնում։ Թուրք փորձագետներն էլ իրենց հերթին Միջերկրականի արևելքում Իսրայելի ընդլայնվող ռազմածովային ներկայության առնչությամբ Անկարայի ունեցած մտահոգությունից են խոսում։

«Սա արատավոր շղթա է, որովհետև Թուրքիան նոր նավատորմ ստեղծեց՝ ի պատասխան այս սպառնալիքների, հիմա հարևաններն են թուրքական աճող կարողությունների սպառնալիքներին բախվում։ Սա հենց այն է, ինչն անվանում ենք սպառազինության մրցավազք, որը, ցավոք, շատ լավ ավարտ չի ունենում» ,- ասում է Kadir Has համալսրանի պրոֆեսոր Սերհատ Գուվենչը։

Թուրքական նավեր արտադրողներն այժմ աշխատում են ամբողջ ծավալով։ Սա, ըստ փորձագետների, կարող է է՛լ ավելի խորացնել հարևանների անհանգստությունը։