Թուրքիան իր մասնակցությունը BRICS-ին գնահատում է տնտեսական համագործակցության հնարավորությունների տեսանկյունից, արտգործնախարար Հաքան Ֆիդանն է հայտարարել SETA ռազմավարական հետազոտությունների թուրքական կենտրոնում ունեցած ելույթի ժամանակ։
Նա հավելել է, որ վերջին տարիներին BRICS-ի վրա ազդել են աշխարհաքաղաքական տարբեր գործընթացներ։ «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմն ունի անհավատալի ազդեցություն, կա ԱՄՆ-ի և Չինաստանի միջև մրցակցության, Չինաստանի գլոբալ ազդեցության կտրուկ աճի հարց։ Այս գործոնները ռիսկեր են պարունակում, որ ի սկզբանե որպես տնտեսական միություն ձևավորված BRICS-ը կարող է դառնալ քաղաքական կառույց»,- նշել է նախարարը։
Միևնույն ժամանակ Ֆիդանն ասել է, որ BRICS-ին միանալու Թուրքիայի մտադրությունների համատեքստում անհրաժեշտ է դադարել մտածել սառը պատերազմի, արևմտամետության մասին. «Մենք հետապնդում ենք մեր երկրի և ժողովրդի շահերը։ Մենք շփվում ենք, որակյալ քննարկումներ ենք ունենում։ Կա BRICS, կա ASEAN և այլ ասոցիացիաներ»:
Նա նշել է, որ Թուրքիան լայն տնտեսական շահեր ունի ինչպես թյուրքական տարածաշրջանում, այնպես էլ ԵՄ-ում՝ ընգծելով նաև, որ ԱՄՆ-ի, Կանադայի, Չինաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու տարբերակներ կան։
«Բայց մենք, իհարկե, միամիտ չենք այս հարցում։ Մենք տեսնում ենք միջազգային բևեռացում, հակասություններ և մրցակցություն»,- հավելել է Թուրքիայի արտգործնախարարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողանն ընդունել է BRICS -ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը