«Քիմիական թունավորում ենք կասկածում». թունավորվել են ընտանիքի բոլոր անդամները, 4-ամյա աղջիկը մահացել է

Թունավորվել են ընտանիքի բոլոր՝ 7 անդամները, հայրը, մայրն ու 5 երեխաները. փոքրը՝ մեկ ամսական, մեծը՝ 11 տարեկան։ Ուրբաթ երեկոյան ընթրել են Շինուհայրի իրենց տանը, մի քանի ժամ անց տեղափոխվել Գորիսի հիվանդանոց։ 4 տարեկան աղջնակի կյանքը փրկել չի հաջողվել:

«Չորս տարեկան երեխան ընդունվել էր արդեն կլինիկական մահ ախտորոշումով, այստեղ արձանագրվել է կենսաբանական մահը, 9 տարեկան երեխան ընդունվել է ծայրահեղ ծան վիճակում՝ սուր շնչառական անբավարարությունով՝ 3-րդ աստիճան: Իրա մոտ կատարվել են ինտենսիվ թերապիայի միջոցառումներ, հիվանդը միացվել է արհեստական շնչառության սարքին ու տեղափոխվել «Մուրացան» համալսարանական հիվանդանոց», - ասաց Գորիսի բժշկական կենտրոնի տնօրեն Դավիթ Մաշուրյանը:

Այսօր 4-ամյա Լուիզայի հուղարկավորությունն էր, նրա քույրերից մեկը Երևանում՝ «Մուրացան» կլինիկայում է բուժումը շարունակում, երեքը՝ Գորիսում։ Լավանում են, ասում է բուժկենտրոնի տնօրենը:

«Մենք անընդհատ խորհրդատվություններ ենք իրականացնում մեզ մասնագիտական թիմի հետ՝ մայրաքաղաքի, մոտակա 2-3 օրվա ընթացքում բուժումը հավանաբար բարեհաջող կավարտեն ու դուրս կգրվեն», - նշեց Մաշուրյանը:

«Մուրացան»-ի թունաբանական կլինիկայի ղեկավար Մարինե Գրիգորյանն էր Գորիս մեկնել, պատմում է՝ մահացած աղջնակն ու 9-ամյա քույրը շատ ծանր վիճակում էին՝ դեմքի, վերջույթների կապտությամբ, շնչառական անբավարարությամբ, գիտակցության խանգարմամբ ու ցնցումների մեջ։

«Գնացել եմ, բոլոր երեխաներին հետազոտել եմ, գնահատել եմ վիճակը, մայրն էր ծանր վիճակում, բայց կառավարելի վիճակ էր, ամեն դեպքում հակաթույները խորհուրդ եմ տվել, արել են, դրա վրա բարելավվել է», - ներկայացրեց Գրիգորյանը:

Մեկ ամսական նորածինն արդեն թունավորված մայրիկի կաթով էր սնվել ու հիվանդանոց է տեղափոխվել զուտ ապահովության համար։ Ո՞րն է մեկ փոքրիկի կյանք խլած այս ողբերգության պատճառը. - «Մենք կասկածում ենք որպես քիմիական թունավորում, կոնկրետ ինչ նյութով, ինչ էկզոգեն ֆակտոր է եղել, դա արդեն համաճարականբանները և նախաքննական մարմինը կպարզի արդեն»:

Գորիսի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել

Գորիսի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել, տեղեկացնում են Քննչական կոմիտեից։ Ամուսինները հարցաքննության ժամանակ նույնն են ասել՝ վատացել են Շինուհայրի ու Գորիսի խանութներից գնված մսեղենն ու երշիկեղենն ուտելուց հետո։ Երեխաները նաև միրգ ու հատապտուղ են կերել։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից տեղեկացանք՝ երկու խանութներից, որտեղից ընտանիքն առևտուր է արել՝ կրակովյան երշիկ, հավի բուդ, կիևյան կոտլետ ու ալյուր՝ նմուշներ են վերցրել։ Լաբորատոր փորձաքննության պատասխանը 7 օրից պարզ կլինի։

Հիվանդության վերահսկման կանխարգելման կենտրոնի մասնագետների փորձաքննության պատասխանը ավելի շուտ՝ երկու օրից կլինի։ Թունաբան Մարինե Գրիգորյանը, սակայն, նկատում է՝ կլինիկայում հետազոտված երեխայի արյան մեջ մեթհեմոգլոբինի շատ բարձր քանակ է եղել, որը խոսում է քիմիական նյութով, օրինակ, պարարտանյութով թունավորվելու մասին:

«Օրինակ՝ սելիտրան, որը կալյումի նիտրատ է և օրգանիզմում վերածվում է կալիումի նիտրիտի և առաջացնում է մեթհեմոգլոբին», - ասաց Գրիգորյանը:

Երշիկն էլ կարող է քիմիական նյութ պարունակել, բայց թույլատրելի չափով, նկատում է թունաբանը։

Վարկածները շատ են՝ ընտանիքում այդ օրը հաց են թխել, գուցե ալյուրը մինչև հաց դառնալը պարարտանյութի հետ է խառնվել։ Ոչ ոք հստակ չգիտի։ Մարինե Գրիգորյանը շեշտում է՝ թունավորման դեպքեր ունենում են, բայց մեթհեմոգլոբին առաջացնող նյութերից թունավորման այս դեպքը հաճախ պատահողներից չէ։ Ընտանիքի հարևաններից մեկի հետ խոսեցինք, ասաց ընտանիքի համար էլ հանելուկ է, շվարած են՝ ինչի՞ց, ինչպե՞ս եղավ:

Բազմանդամ այս ընտանիքը Շինուհայրում վարձով է ապրում, նպաստով։ Ընտանիքի հայրը մշտական գործ չունի, հարևանուհին պատմեց՝ առողջական խնդիրների պատճառով պայմանագրային զինծառայությունը չի շարունակել։