ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է օգնություն ցուցաբերել Հայաստանին հեղեղումների հետևանքների վերացման համար։
«Հայաստանի Հանրապետությունում հորդառատ անձրևների հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակի հետ կապված՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը պատրաստ է օգնություն ցուցաբերել հեղեղումների և սելավների հետևանքների վերացման համար», - ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ 102-րդ ռուսական ռազմակայանի հրամանատարությանը համապատասխան հանձնարարականներ են տրվել անձնակազմի, ինչպես նաև անհրաժեշտ տեխնիկայի հատկացման համար։
«Հայկական կողմի խնդրանքով ՌԴ զինված ուժերի ուժերն ու միջոցներն անհապաղ կուղարկվեն աղետի գոտիներ»,- հավելել են նախարարությունից։
Հորդառատ անձրևը մեծ ավերածությունների պատճառ է դարձել Լոռու և Տավուշի մարզերում։ Դեբեդ գետը վարարել է, Լոռու մի շարք գյուղերում և քաղաքներում արտակարգ իրավիճակ է։ Հեղեղումների հետևանքով փլուզվել են ճանապարհեր, այդ թվում՝ դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը։ Հաղորդվում է առնվազն երեք զոհի մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 3 զոհ, 2 անհետ կորած Լոռիում ու Տավուշում հեղեղների հետևանքով. ինչ է հայտնի