Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը քննադատում է Հայաստանի վարչապետին նրա ապրիլքսանչորսյան ուղերձի պատճառով։
ԱՄՆ-ում գործող ոչ կառավարական կազմակերպության փորձագետները պնդում են, թե Հայաստանի ղեկավարը մեկուկես էջանոց ուղերձում ոչ բացահայտ կերպով միացել է Հայոց ցեղասպանության ժխտմանը։
Կազմակերպությունը, որի գործադիր կոմիտեի 7 անդամներից մեկը հայ է, տպավորություն ունի, որ Փաշինյանի ուղերձը շեղվում է ցեղասպանության կանխարգելման, ցեղասպանության ճանաչման և անցումային արդարադատություն հիմնարար սկզբունքներից։
«Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, Հայաստանի վարչապետը ոգեկոչման պաշտոնական հայտարարություն տարածեց, որում, թվում է, թե մեղավորությունը դնում էր զոհերի վրա՝ ցեղասպանության համար Թուրքիայի ու Ադրբեջանի պատասխանատվությունը կասկածի տակ դնելու նպատակով», - ասված է Լեմկինի ինստիտուտի հայտարարության մեջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը մեզ համար պետք է ոչ թե կորուսյալ, այլ գտնված և իրական հայրենիքը խորհրդանշի». ՓաշինյանՑեղասպանությունների կանխարգելման համար պայքարող կազմակերպությունը շեշտում է, թե ամենաուշագրավն այն էր, որ Ցեղասպանության մասին Փաշինյանի ուղերձում որևէ հիշատակում չկար ագրեսորների մասին։
«Ցեղասպանության համար Օսմանյան կայսրության առաջնորդներին մեղադրելու փոխարեն Հայաստանի վարչապետը սլաքն ուղղում է հայերի կողմը, որոնք կարծես իրենք են իրենց գլխին ցեղասպանություն բերել՝ քաղաքական իրավիճակի թյուրըմբռնման պատճառով», - հայտարարում է Լեմկինի ինստիտուտը։
Հայաստանի վարչապետն, անդրադառնալով ցեղասպանությանը, ապրիլի 24-ի ուղերձում խոսել էր աշխարհաքաղաքական խարդավանքների մասին։ Փաշինյանը, սակայն, դրանում չէր նշել Օսմանյան Թուրքիայի մեղավորության ու ներկայիս Թուրքիայի ժխտողական քաղաքականության մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողանը «հարգանքով է հիշում իրենց կյանքը կորցրած Օսմանյան կայսրության հայ քաղաքացիներին»
«Այս մասշտաբային ողբերգությունը տեղի ունեցավ Առաջին աշխարհամարտի տարիներին, և պետականություն չունեցող, պետականությունը հարյուրամյակներ առաջ կորցրած, պետականության ավանդույթն, ըստ էության, մոռացած հայ ժողովուրդն աշխարհաքաղաքական խարդավանքների ու սին խոստումների զոհ դարձավ՝ զուրկ լինելով առաջին հերթին աշխարհն ու նրանում գործող կանոններն իրեն հասկանալի դարձնելու ընդունակ քաղաքական մտքից», - հայտարարել էր Հայաստանի վարչապետը։
Փաշինյանը, որ իշխանության առաջին տարիներին խոսում էր արդարության վերականգնումից, դատապարտում էր Հայոց ցեղասպանության պատճառ դարձած պանթուրքիստական գաղափախոսությունը, իր վերջում ուղերձում արդեն հայտարարեց՝ 1915 թվականի Ցեղասպանությունը համազգային ողբերգություն և հոգեցնցում դարձավ հայերի համար։ Ըստ վարչապետի՝ հայերն այսօր էլ աշխարհը, իրենց միջավայրը, իրենք իրենց ընկալում են «Մեծ եղեռնի հոգեցնցման տիրապետող ազդեցության ներքո»։
«Սա նշանակում է, որ լինելով միջազգայնորեն ճանաչված պետություն՝ մենք հաճախ այլ երկրների, միջազգային հանրության հետ հարաբերվում ու մրցակցում ենք հոգեցնցման վիճակում, և այս պատճառով երբեմն չենք կարողանում ճիշտ զատորոշել իրողություններն ու գործոնները, պատմական ընթացքներն ու կանխատեսվող հորիզոնները», - նշել էր Նիկոլ Փաշինյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Արդարության վերականգնումից» «կորուսյալ հայրենիքի փնտրտուքի դադարեցում». Փաշինյանի փոխված շեշտադրումներըՀայաստանի վարչապետը չէր բացառել, որ հնարավոր է նաև՝ հենց դա է պատճառը, որ Հայաստանը ստանում է նորանոր ցնցումներ։
Ցեղասպանությունների կանխարգելման համար պայքարող կազմակերպության փորձագետները 5 էջանոց հայտարարությունում եզրակացրել են, թե Հայաստանի վարչապետը, կրկնելով Թուրքիայի ժխտողական թեզերը, վտանգում է Թուրքիայի պատասխանատվության հարցը, նսեմացնում ճանաչման նախկին ջանքերը։
«Որպես ցեղասպանության կանխարգելման, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և արդարության համար պայքարող կազմակերպություն՝ մենք կոչ ենք անում վարչապետ Փաշինյանին վերանայել իր հայտարարությունները և վերահաստատել Հայաստանի հանձնառությունը Հայոց ցեղասպանության հարցում արդարության հասնելու ջանքերին», - նշում է կառույցը։
Լեմկինի ինստիտուտի աչքից չի վրիպել նաև Ցեղասպանության զոհերին հաշվառելու մասին իշխող ուժի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը։ Այն մտահոգիչ համարելով՝ հիշեցնում են, որ Թուրքիան է նման ցուցակ պահանջում 1960-ականներից՝ փորձելով ժխտել կատարվածը։
Կոպտագույն միջամտություն ՀՀ ներքին գործերին. Արուսյակ Ջուլհակյան
Կառավարությունից չեն արձագանքել Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարությանը։ Վարչապետի մամուլի քարտուղարն այսօր «Ազատության»-ը հորդորեց գրավոր հարցում ուղարկել։
Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն «Ազատության» հետ զրույցում Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը որակեց անընդունելի և կոպտագույն միջամտություն Հայաստանի ներքին գործերին, ներքաղաքական կյանքին։
«ՀՀ վարչապետը և, առհասարակ, որևէ պաշտոնյա Ցեղասպանությունը հարցականի տակ դնող տառ անգամ չի արտաբերել: ՀՀ վարչապետի հայտարարությունների՝ իմ տպավորությամբ Դաշնակցության գրասենյակում գեներացված նման կամայական մեկնաբանությունները, Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականությանն ուղղված գնահատողական դատողությունները դուրս են գիտահետազոտական ինստիտուտի լիազորություններից և մանդատից», - շեշտեց պատգամավորը:
Արուսյակ Ջուլհակյանը հույս հայտնեց, որ ինստիտուտը զերծ կմնա Հայաստանի «ներքաղաքական խոսույթին մասնակցությունից և կզբաղվի իր կանոնադրական նպատակներով՝ ցեղասպանությունների կանխարգելմամբ»: