Երևանի՝ Մալաթիայի սուրբ Աստվածածին եկեղեցու այգեպանը նորածին է գտել՝ զանգակատան կողմը, վարդի թփերի մեջ։
Այգեպանը Մարիամ քույրիկին, որ եկեղեցում մշտական աղոթող է, խնդրել է, որ փոքրիկին տուն տանի։ Մոմավաճառներն էլ նկատել են՝ եկեղեցու տարածքում արտասվող կին կա, որ հեռացել է, երբ տեսել է, որ երեխային գտան, վերցրին, տարան։
Ոստիկանության Մալաթիայի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ղեկավարն ահազանգն ստացել ու գնացել է այն տուն, որտեղ փոքրիկին ժամանակավոր խնամելու էին տարել։
Փոխգնդապետ Մարթա Մելիքսեթյանը նկատում է. - «Երեխան խնմաված էր, մաքուր, կոկիկ»։
Ասում է՝ արտառոց էր այն, որ նորածնին լքել էին գեղեցիկ, հարմարավետ զամբյուղով, կողքը մի տուփ մանկական սնունդ, կաթի շիշ՝ արդեն պատրաստի կաթնախառնուրդով, ծծակը, նաև հավելյալ հագուստ։ Փոքրիկը տեղափոխվել է սուրբ Աստվածամայր բուժկենտրոն, և այստեղ էլ բուժանձնակազմն է զարմացել, որովհետև սովորաբար ընկեցիկ երեխաները գտնվում են անխնամ, որևէ շորով փաթաթված, իսկ այս նորածինը ոնց որ մայրիկի հետ հյուր գնալիս կորած լիներ, ասում է բուժկենտրոնի տնօորենի բուժգծով տեղակալ Սեյրան Հովհաննիսյանը։
Ով է լքել նրան, ոստիկանության ներկայացուցիչ Մարթա Մելիքսեթյանը սկզբում հույս ուներ, որ սեփական երեխային այդքան խնամքով լքած մայրիկը կարձագանքի իր կոչին։
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.