Հայաստանի և Կանադայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել։ Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ Արարատ Միրզոյանն ու Մելանի Ժոլին քննարկել են տարածաշրջանային հարցեր։
Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում վերջին զարգացումները՝ ընդգծելով տարածքային ամբողջականության սկզբունքին ու 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին հստակ հանձնառության կարևորությունը։
Անդրադառնալով Հարավային Կովկասում կայուն տնտեսական զարգացման հեռանկարներին՝ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը շեշտել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում ՀՀ շահագրգռվածությունը և կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչմամբ ընձեռնվող հնարավորությունները։
Արարատ Միրզոյանն ընդգծել է ծրագրի հիմքում դրված՝ ինքնիշխանության, ազգային իրավազորության, փոխադարձության և հավասարության առանցքային սկզբունքները։