Ռուսական առաջին ալիքի հեռարձակումը Հայաստանում վերականգնվել է

Ռուսական Առաջին ալիքի լոգոն, արխիվ

Ռուսական առաջին ալիքը պարտքն ամբողջությամբ մարել է և հեռարձակումը վերականգնվել է, Խորհրդարանում բյուջեի կատարողականի քննարկմանը հայտարարեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

Օրերս հայտնի դարձավ, որ դադարեցվել է ռուսական Առաջին ալիքի՝ ОРТ-ի սփռումը Հայաստանի տարածքում: Պաշտոնական հիմնավորումը ռուսական կողմի 2.5 ամսվա պարտքն էր, հեռարձակումը դադարեցվել էր մինչև պարտքի ամբողջական մարումը։ Մխիթար Հայրապետյանն այսօր նշեց, որ 2.5 միլիոն դրամ պարտք էր կուտակվել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Այսօրվանից դադարեցվել է ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի տարածքում

Անդրադառնալով առհասարակ ռուսական հեռուստաալիքների հեռարձակմանը՝ նախարարը նշեց՝ միջպետական համաձայնագիրը առանձին դեպքերում չունի բավարար հստակություն սանկիցաներ կիրառելու համար: Այժմ քննարկվում է համաձայնագրում խմբագրական աշխատանք կատարելու հարցը:

«Այսօր մեր առաջարկները պաշտոնապես ներկայացրել ենք Արտաքին գործերի նախարարությանը, կարծում եմ՝ այսօր մեր Արտաքին գործերի նախարարությունը այն կներկայացնի ՌԴ ԱԳՆ-ին: Թե ինչ առաջարկներ են, հիմա կոռեկտ չեմ համարի քննարկել, ինչ փոփոխություն որ առաջարկել ենք, միտված են ապահովելու որևէ խախտման դեպքում հետևանք», - հավելեց պաշտոնյան: