Ադրբեջանի անհետ կորածների հանձնաժողովը Հայաստանին համագործակցության կոչ է անում

Երկու երկրների դրոշները

Ադրբեջանի անհետ կորածների պետական հանձնաժողովը Հայաստանին համագործակցելու կոչ է անում, հայտարարել է Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների հարցերով զբաղվող աշխատանքային խմբի ղեկավար Իսմայիլ Ախունդովը։

«Պետական հանձնաժողովը ևս մեկ անգամ հայտարարում է իր պատրաստակամությունը համագործակցելու Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների հետ երկու կողմից անհետ կորածների որոնման գործում՝ պահպանելով ճշգրտության, թափանցիկության և փոխվստահության մթնոլորտը», - ասել է նա՝ հավելելով, որ դա կարող է դրական ներդրում ունենալ երկու կողմից էլ կորածների ճակատագրի պարզաբանման գործում։

Մարտին Հայաստանի գերիների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով հանձնաժողովը նիստ էր հրավիրել։ Նիստում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանն ընդգծել էր Ադրբեջանի հետ բանակցություններ վարելու կարևորությունը։

Հայաստանը 2020-ի նոյեմբերից ի վեր Ադրբեջանին է փոխանցել 44-օրյա պատերազմում զոհված 51 ադրբեջանցիների մարմիններ, ինչպես նաև՝ 90-ականների զոհված 140 ադրբեջանցիների ոսկրեր։ Ըստ Երևանի, 90-ականների սկզբից անհետ կորած են համարվում 993 հայեր, 44-օրյա պատերազմից հետո՝ շուրջ 200 զինվոր։