Տեսողության խնդիրներ ունեցող 19-ամյա տղան հրաժարվում է գնալ ծառայության և հայտնվել է Քննչականի թիրախում։ Անանուն մնալով պայմանով հարցազրույց տվող մոր ձայնը «Ազատություն»-ը փոխել է նրա խնդրանքով։ Որդին մեղադրվում է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար։ Սպասում են դատավարությանը։
«Միգուցե մայրական խնամքի տակ մնա, 6 ամիս ժամանակ տան, բուժումներ անենք», - ասում է մայրը։
Որդու տեսողության խնդիրները նկարագրող բժշկական փաստաթղթերի մի մեծ տրցակ ունեն, որտեղ կես տարեկանում հայտնաբերված շլության, կարճատեսության, հետո տարբեր վիրահատությունների ու տեսողության մասին տարբեր բժիշկների եզրակացություններն են։ Դրանք, սակայն, բավարար չեն ռազմական գերատեսչությանը համոզելու, որ տղան պիտանի չէ ծառայության։ Որոշել են՝ կգնա բանակ, բայց կկիրառվեն որոշակի սահմանափակումներ։
«Իմ երեխան, որ գնա, շարքերը համալրվի, մինչև ե՞րբ կարա ասի՝ ես հեռուն չեմ տեսնում, չի մասնակցելու, նշելու էին՝ կրակային, մարտական, որ չի… բայց, արդյոք վստահ լինեմ, որ ինքը ոնց կարա ծառայության ընթացքում աթոռին նստի, մնա, երկու տարի ի՞նչ է անելու», - հարցնում է կինը։
ՊՆ արձագանքը
Այս դժգոհություններին ի պատասխան՝ ռազմական գերատեսչությունից կարճ հակադարձում են՝ բժշկական հետազոտություններն իրականացվում են օրենքով, իսկ արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում կան բողոքարկման ընթացակարգեր։
Անցած ամիս զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արեն Սարգսյանը հայտարարել է, որ զինկոմիսարիատը բժշկական հարցերի պատասխանատուն չէ, իրենք աշխատում են կառավարության որոշմամբ և դրանից շեղվելու իրավունք չունեն։
«Զինկոմիսարիատը չի իրականացրել հետազոտումը, դրա համար բեռի բաշխում էր իրացվել, որը, սակայն, ցավով պիտի արձանագրեմ, որ մինչ օրս պատշաճ չի իրականացվում, և մի շարք դեպքերում քաղաքացիների կողմից այդ գանգատները լսելի լինելու բուժհաստատությունների կողմից և քաղաքացիներին մասնագիտացված որակով պատասխան տալու դեպքում այլ խնդիրներ չեն առաջանա», - ասել է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարժական հավաքների մասնակիցները բարձրաձայնում են բացերի մասին
«Պետությունը չի կատարում իր պարտավորությունը՝ ամբողջությամբ համալիր հետազոտելու զորակոչիկի իրական առողջական վիճակը»
Մինչդեռ իրավապաշտպանները նկատում են՝ բանակը հիվանդ զինվորներով հզոր չի դառնում։ Բանակի խնդիրներն ուսումնասիրող ՀՔԱ Վանաձորի գրասենյակում ամփոփել են ամառային զորակոչի խնդիրները, որոնք դեռ նախորդից են գալիս։ Իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը հակադարձում է Պաշտպանության նախարարության ներկայացուցչին։
«Տպավորություն է, որ կա մարդկային ռեսուրսների խնդիր, և հենց դա էլ արվում է, բայց փաստացի բազմաթիվ անգամ համոզվել ենք, որ այստեղ առողջական խնդիրներ, ֆիզիկական առողջության, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանցով զինված ուժերը համալրելը որևէ որակական արդյունք չի ապահովում զինված ուժերին», - «Ազատության» հետ զրույցում նկատեց նա։
Իրավապաշտպան կազմակերպություն դիմած ավելի քան 70 քաղաքացիները պատմել են զորակոչի խնդիրներից։ Մովսեսյանն առանձնացնում է հիմնական խնդիրները, որոնց բախվում են զորակոչիկները կամ առողջական լուրջ խնդիրներով արդեն բանակ տարվածները. - «Պետությունը չի կատարում իր պարտավորությունը՝ ամբողջությամբ համալիր հետազոտելու զորակոչիկի իրական առողջական վիճակը, որի հիման վրա կայացվում է մի որոշում, որը չի բացահայտում իրական առողջական վիճակը, և խնդիրներով հանդերձ անձինք կարող են զորակոչվել ծառայության»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Միանշանակ խնդիրներն ավելանալու են». փաստաբանը տարակուսած է զորակոչից ազատվելու հիվանդությունների ցանկը կրճատելու որոշումից
Իրավապաշտպանն ընդգծում է, որ թանկարժեք հետազոտությունների համար պետությունը չի վճարում, իսկ ռազմական գերատեսչությունից որպես պատճառ են բերում բյուջեում գումար չլինելը։ Սա նշանակում է, որ ընտանիքն ինքը պետք է վճարի այդ հետազոտության համար, իսկ եթե գումար չունի, ստիպված է հիվանդ երիտասարդին ուղարկել բանակ։ Եվ հարց է, թե երկու տարի անց երիտասարդն ինչ բարդություններով կվերադառնա ընտանիք։
Վարչապետի հայտարարությունից հետո
«Վարչապետի կողմից հնչեց մի կարծիք, որ հիվանդություններն օգտագործվում են զինվորական ծառայությունից խուսափելու համար», - ասաց իրավապաշտպանը՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի ելույթը, որտեղ զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանում զորակոչի ենթակա երիտասարդների կեսից քիչն է զորակոչվում բանակ։ Իսկ պատճառներից մեկն էլ կարող է լինել զորակոչի կոռուպցիան։
Կա՛մ սերունդն առողջական ծանր պրոբլեմներ ունի, կա՛մ էլ զորակոչը Հայաստանում մնում է կոռուպցիայի ամենածաղկուն միջավայրը, ասել էր վարչապետ Փաշինյանը։
«Որտեղ միմյանց հետ դաշնակցում են բժշկական հանրության, զինվորականության և հանրության ներկայացուցիչներ։ Եթե այսպես է, իսկ նման հավանականություն կա, սա պետությունը քայքայող դաշինք է, ու մեր պարտքն է ջարդել այդ դաշինքի ողնաշարը, որովհետև այդ դաշինքը կասկածի տակ է դնում մեր պետության գոյության իրավունքը», - հավելել էր նա:
Վարչապետի այս հայտարարությունից հետո կառավարությունը խստացրել է հիվանդությունների ցանկը սահմանող որոշումը։ Իրավապաշտպանները, սակայն, դրանից հետո այլ խնդիրներ են արձանագրել. կարծում են՝ սա ուղղված է թվաքանակի ավելացմանը` անկախ զորակոչիկների առողջական խնդիրներից, իսկ դա հետընթաց է, մարդու իրավունքների խախտում։