Տեր-Պետրոսյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է Հայաստանում ստեղծված իրավիճակը

Լուսանկարը՝ նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի ֆեյսբուքյան էջից

Հայաստանի առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ, հայտնում է առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

Մուսինյանի փոխանցմամբ՝ դեսպանի խնդրանքով Տեր-Պետրոսյանն անդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական խնդիրներին։

«Միաժամանակ նա շնորհակալություն է հայտնել մեր երկրի ներկայիս ծանր իրավիճակում Ֆրանսիայի կառավարության դրսևորած անկեղծ և սկզբունքային աջակցության համար: Լևոն Տեր-Պետրոսյանը հատկապես մատնանշել է Շառլ Ազնավուրի հուղարկավորության և Միսաք ու Մելինե Մանուշյանների աճյունները Պանթեոնում ամփոփելու հոգեցունց և խորհրդանշական պետական արարողությունները», - նշել է Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակը։

Հանդիպմանը ներկա է եղել առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։

Հանդիպման մասին X-ի իր էջում գրել է նաև Ֆրանսիայի դեսպանը՝ նշելով. - «Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ինձ պատվի արժանացրեց՝ ինձ ընդունելով Հայաստանի իրավիճակի և մեր երկու երկրների միջև հարաբերությունների շուրջ մտքեր փոխանակելու համար»: