Թեհրանը հայտարարում է՝ Իրանի ԱԳ նախարարը մտադիր է մասնակցել Թուրքիայում «3+3» ձևաչափով հանդիպմանը

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, արխիվ

Թուրքիայում Իրանի դեսպան Մոհամմեդ Հասան Հաբիբոլլազադեն թուրքական Sabah պարբերականի հետ զրույցում հայտարարել է, որ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին մտադիր է մասնակցել Թուրքիայում նախատեսված տարածաշրջանային «3+3» ձևաչափով հանդիպմանը։

Թուրքական թերթը նշում է, որ այս ձևաչափով թվով երրորդ հանդիպումն այս անգամ տեղի կունենա Թուրքիայում։

«3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։

Վրաստանը հայտարարել է, որ հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։

Այս ձևաչափով առաջին հանդիպումը 2021-ի ավարտին էր, ու չնայած աշխատանքները շարունակելու մասին մերթընդմերթ հնչող հայտարարություններին, այլ հանդիպում այդպես էլ չանցկացվեց։

2023-ի հոկտեմբերի վերջին Թեհրանում «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը եղավ արտգործնախարարների մակարդակով՝ կրկին առանց Թբիլիսիի մասնակցության։