Բեյրութում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին վիրավորվել է փեյջեր սարքի պայթեցման հետևանքով, հայտնում է MEHR իրանական գործակալությունը՝ վկայակոչելով Բեյրութում Իրանի դեսպանության պարզաբանումը։
Ըստ IRNA գործակալության՝ Ամանիի վնասվածքները մակերեսային են, դեսպանը տեղափոխվել է հիվանդանոց:
Բեյրութում Իրանի դեսպանությունը նշել է, որ Ամանին ապաքինվում է, իսկ աչքի վնասվածքի մասին լուրերը կեղծ են։
Մոջթաբա Ամանիի կինն է նաև սոցիալական ցանցում գրել, որ ամուսնու վիճակը «կայուն» է։
Երեկ Լիբանանի առողջապահության նախարարությունը հաղորդեց, որ Լիբանանում առնվազն 9 մարդ է զոհվել, 2 հազար 750-ը վիրավորվել՝ մայրաքաղաք Բեյրութի արվարձաններում և այլ շրջաններում փեյջերների միաժամանակյա պայթյունների հետևանքով։ Իրանական լրատվամիջոցների փոխանցեցին, որ վիրավորների թվում է Բեյրութում Իրանի դեսպանը։
Բազմաթիվ լրատվական գործակալություններ հայտնել են, որ փեյջեր սարքերը պատկանում էին լիբանանյան «Հեզբոլա» զինյալ խմբավորման անդամներին: Լիբանանից ստացվող հաղորդումները վկայում են, որ խմբավորման հարյուրավոր անդամներ են վիրավորվել:
Reuters-ը, հղում անելով երեք անանուն աղբյուրների, հաղորդել է, որ պայթել են փեյջերների նոր մոդելները, որոնք վերջին մեկ ամսվա ընթացքում ներմուծել էր «Հեզբոլա»-ն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լիբանանում առնվազն 8 զոհ, հազարավոր վիրավորներ փեյջերների պայթյունների հետևանքով