Թեհրանն իրեն իրավունք է վերապահում պատեհ պահին պատասխանել Իսրայելին. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, արխիվ

Թեհրանն իրեն իրավունք է վերապահում պատեհ պահին պատասխանել իր տարածքին ուղղված Իսրայելի հարվածին, երեկ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Հոկտեմբերի 29-ին Թեհրանում դեսպանների և արտաքին դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ համատեղ հանդիպումից հետո Արաղչին ասել է, որ լարվածության թուլացումը տարածաշրջանում և աշխարհում հանրային պահանջ է։ Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ՝ նախարարն ընդգծել է, որ Թեհրանի արձագանքը լինելու է պաշտպանողական քայլ, սակայն ինչպես իրականացնել այդ պաշտպանությունը, «կախված է Իրանից»։

Ավելի վաղ իսրայելական բանակը հայտարարել էր, որ ավարտել է «նպատակային և ճշգրիտ» հարձակումն Իրանի վրա՝ ի պատասխան այս ամսվա սկզբին իրանական հարձակումների։ Թեհրանը իսրայելական հերթական հարվածների ֆոնին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ էր պահանջել՝ դատապարտելու Իսրայելի գործողությունները։ ԱԽ անդամները զսպվածության կոչ են արել Իսրայելին և Իրանին։