Իրանի Հեղափոխության պահապանների խոսնակ Ալիմոհամմադ Նաինին այսօր հայտնել է, որ Իսրայելը երկար կարող է սպասել իրանական պատասխան գործողություններին՝ ընդգծելով, որ ժամանակը Թեհրանի օգտին է։
«Թշնամին պետք է սպասի հաշվարկված ու ճշգրիտ պատասխանի», - ասել է նա։
Հուլիսի 31-ին Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիյեի սպանությունից հետո Իրանը հայտարարել է, որ վրեժ է լուծելու։ Իսրայելը ոչ հաստատել, ոչ հերքել է, որ ինքը կանգնած է այդ սպանության հետևում:
Միացյալ Նահանգները խնդրել է Իրանի հետ կապեր ունեցող դաշնակիցներին համոզել նրան թուլացնել լարվածությունը Մերձավոր Արևելքում։ Նաինին նաև հայտնել է, որ Թեհրանն աջակցում է ցանկացած քայլի, որը կհանգեցնի Գազայի պատերազմի ավարտին, սակայն ավելացրել, որ ԱՄՆ-ի գործողություններն անկեղծ չեն համարում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փեզեշքիանն ԱՄՆ-ին և արևմտյան այլ երկրներին կոչ է անում դադարեցնել աջակցությունն Իսրայելին