«Անիրատեսական» է հավատալ, որ ռուսական զինված ուժերը կարող են վերադառնալ մինչև հարձակումը զբաղեցրած դիրքերը, հայտարարել է ԱՄՆ գլխավոր դիվանագետի պաշտոնում նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածու Մարկո Ռուբիոն՝ ընդգծելով՝ Կիևը ստիպված կլինի զիջումների գնալ դադարեցնելու Մոսկվայի կողմից հրահրված պատերազմը։
Թրամփը խոստացել է արագ վերջ տալ ուկրաինական գրեթե երեք տարի տևող պատերազմին, միևնույն ժամանակ մտահոգություն առաջացնելով, որ կստիպի Կիևին տարածքներ զիջել Մոսկվային։ Ռուսաստանը ներկայումս վերահսկում է Ուկրաինայի տարածքի մոտ 20 տոկոսը։
Ըստ ԱՄՆ հետախուզության՝ 2022 թվականի փետրվարի 24-ին լայնամասշտաբ ներխուժումից հետո Ռուսաստանն ավելի քան 700 հազար զինվոր է կորցրել։ Ուկրաինան նույնպես հարյուր հազարավոր կորուստներ է կրել։
Ընդգծելով, որ Ուկրաինայում բնակչության թիվը շատ ավելի փոքր է Ռուսաստանի բնակչության թվից՝ Ռուբիոն նկատել է՝ այն չի կարող դիմակայել նման կորուստների:
«Ուկրաինայում փողը չի սպառվում, մարդկային ռեսուրսն է սպառվում»,- ասել է նա։
Սենատորը միևնույն ժամանակ շեշտել է, որ ռուսական կողմը ևս պետք է զիջումների գնա՝ առանց մանրամասներ ներկայացնելու։
«Թե՛ Ռուսաստանի Դաշնությունը, թե՛ ուկրաինացիները ստիպված կլինեն զիջումների գնալ», - ասել է ԱՄՆ պետքարտուղարի թեկնածուն՝ շեշտելով՝ «խաղաղ համաձայնագրին հասնելը դժվար կլինի»:
«Սա հեշտ գործ չէ, այն կպահանջի համարձակ դիվանագիտություն»,- եզրափակել է Ռուբիոն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը կարող է վճռորոշ դեր խաղալ պատերազմի ավարտի հարցում․ ԶելենսկիԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը «շատ շուտով» կհանդիպի Պուտինի հետ