Այսօր առավոտյան ոստիկանները բռնի ուժով հեռացրել են ցուցարարներին Թբիլիսիի պետական համալսարանի առաջին մասնաշենքի հարակից տարածքից, որտեղ հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքները չընդունող քաղաքացիները վրաններ էին տեղադրել, նստացույց էին անում նոյեմբերի 17-ից՝ պահանջելով նոր ընտրություններ, հաղորդում է «Ազատության» վրացական ծառայությունը։
Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների նկատմամբ, ապամոնտաժել վրանները։
Հաղորդվում է տասնյակ բերման ենթարկվածների մասին։ Բերման ենթարկվողներից երկուսն անհապաղ բժշկական օգնության կարիք են ունեցել։
Նախնական տեղեկություններով՝ ցուցարարները բերման են ենթարկվել խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջները չկատարելու համար։
Հաղորդվում է, որ բերման ենթարկվածների թվում նաև լրագրող և ընդդիմադիր քաղաքական գործիչներ կան։
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 16-ին հաստատել է ընդդիմության և նախագահի կողմից չճանաչված խորհրդարանական ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը։ Հայտարարված թվերը հաստատել են նախնական արդյունքները, որոնց համաձայն՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մնում է իշխանության ղեկին չորրորդ ժամկետն անընդմեջ։
Պատգամավորական մանդատ ստացած չորս ընդդիմադիր ուժերից ոչ մեկը համաձայն չէ հայտարարված արդյունքների հետ։ Ընդդիմությունը պահանջում է հոկտեմբերի 26-ի ընտրությունների նոր քվեարկություն և խախտումների միջազգային հետաքննություն՝ անվստահություն հայտնելով քննչական մարմիններին և դատական համակարգին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանում ընդդիմության բողոքի ակցիաները շարունակվում են