Թբիլիսիում գիշերը հանգիստ է անցել, ցույցերը ցրելու փորձեր չեն եղել

Թբիլիսի, 4-ը դեկտեմբերի, 2024թ․

Թբիլիսիում բողոքի յոթերորդ գիշերը հանգիստ է անցել, ոստիկանների հետ բախումներ չեն եղել, ցուցարարների նկատմամաբ ուժ չի կիրառվել։

Երեկ երեկոյան հազարավոր ցուցարարներ հավաքվել են խորհրդարանի մոտ՝ երգել են, խորոված արել, այրել Ռուսաստանի դրոշը։

Տեղական լրատվամիջոցների ու ականատեսների հաղորդմամբ, ոստիկանները խուզարկություն են արել ու բերման ենթարկել խորհրդարանի մոտ մետրոյից դուրս եկողներին:

Մինչ բողոքի ակցիաների մեկնարկը ոստիկանները Ռուսթավելի պողոտայի սկզբնամասում՝ Ազատության հրապարակում պատ են կազմել։ Քաղաքի կենտրոնում գտնվող հյուրանոցի մոտ, որտեղ ընդդիմության առաջնորդները խորհրդակցություններ էին անցկացնում, ծեծկռտուք է տեղի ունեցել։ Ոստիկանությունը ընդդիմության երկու ներկայացուցչի է բերման ենթարկել։

Երեկ ոստիկանությունը նաև ներխուժել է «Ազգային շարժում», «Գիրչի», «Դրոա», «Ախալի» ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներ և խուզարկություն իրականացրել:

Վրաստանում բողոքի ակցիաներն սկսվեցին, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ Թբիլիսին մինչև 2028 թվականը կասեցնում է Եվրամիության հետ բանակցությունները: Արդեն մեկ շաբաթ է՝ կառավարության հրաժարականի պահանջով հազարավոր քաղաքացիներ Թբիլիսիի փողոցներում ցույցեր են անում, որոնք ուղեկցվում են ուժայինների հետ բախումներով։

Ոստիկանության կողմից հատուկ միջոցների՝ ջրցան մեքենաների, արցունքաբեր գազի կիրառման հետևանքով, տասնյակ մարդիկ են հոսպիտալացվել, ավելի քան 250 ցուցարար է ձերբակալվել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բլինքենը հայտարարում է «Վրացական երազանքի» դեմ լրացուցիչ պատժամիջոցների մասին