Թբիլիսին պատրաստ է նպաստելու Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին․ Բոճորիշվիլին՝ Ֆիդանին

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլի

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլի

Թբիլիսին վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ նպաստելու Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործընթացին, Անկարայում, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։

Նա պաշտոնական այցով փետրվարի 26-ին է ժամանել Թուրքիա։

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ, Բոճորիշվիլին Ֆիդանի հետ քննարկել է բազմաթիվ կարևոր հարցեր, այդ թվում՝ սկզբունքներ, որոնք կարող են խաղաղություն և բարգավաճում հաստատել տարածաշրջանում։

Նշելով Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տարբեր ձևաչափերով հարաբերությունների զարգացման կարևորությունը՝ Վրաստանի արտգործնախարարը, մասնավորապես, ասել է․ - «Հարաբերությունները, որոնք զարգացել են տասնամյակների ընթացքում տարբեր ձևաչափերով, թույլ են տվել մշակել բազմաթիվ օգտակար նախագծեր: Հուսով եմ, որ ձեր օգնությամբ այս ծրագրերն ու գործողությունները կարող են շարունակվել նաև ապագայում»:

Վրաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ Թբիլիսին Անկարային համարում է տարածաշրջանում չափազանց կարևոր և առաջատար երկիր։

Մեկ ամիս առաջ Բոճորիշվիլին Երևանում էր։ Նա հանդիպեց արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Երևանում հայտարարեց, որ Թբիլիսին ցանկանում է տեսնել տարածաշրջանը խաղաղ՝ նշելով, որ պատրաստ են անել հնարավորը՝ այդ նպատակին հասնելու համար, անգամ հանդես գալ որպես ֆասիլիտատոր տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն ամրապնդելու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը նվիրված է ու հետամուտ է լինելու խաղաղության օրակարգին. Միրզոյան