Մարդիկ այս պահին հավաքվում են Երևանի Բաղրամյան պողոտայում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը դեռ մի քանի օր առաջ հայտարարել էր, որ հունիսի 12-ը կարևոր հանգրվան է լինելու իրենց պայքարի համար, և իրենք նախատեսում են այսօր հասնել իրենց հռչակած նպատակին՝ վարչապետի հրաժարականին։
Ավելի վաղ նա նշել էր, որ 96 ժամվա ընթացքում և ժողովրդի աջակցությամբ իրենք ի վերջո կհասնեն դրան։
Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Ազգային ժողովի գլխավոր դարպասների դիմաց, նաև Դեմիրճյան փողոցն է փակ մի քանի օր։ Այսօր առավոտից այստեղ ոստիկանական նոր ուժեր են բերվում։
Ընդդիմադիրների տեղադրած վրանները դեռ այստեղ են։
Շուտով կմեկնարկի ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում է։
Իրավապահ կառույցները՝ ՆԳՆ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն այսօր կոչ են արել պահպանել հասարակական կարգը։
Վարչապետն էլ պատասխանելով հարցին, թե ընդառաջ կգնա՞, եթե ժողովրդի մեծ զանգված հավաքվի՝ իր հրաժարականի պահանջով, հայտարարել է, որ եթե Հայաստանի ժողովուրդն ուզենա կառավարության փոփոխություն, Հայաստանի ժողովուրդը կիրականացնի կառավարության փոփոխություն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը դիմում են ցուցարարներինԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ոստիկանական նոր ուժեր են բերվում ԱԺ շենքի մոտ
Հունիսի 9-ից Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց, գիշերող և վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիր շարժման առաջնորդը հայտարարությունը, որ հունիսի 12-ը կարևոր հանգրվան է լինելու, իշխանությունը սպառնալիք էր որակել։ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը զգուշացրեց՝ խորհրդարանի շենքը պաշտպանվում է ոչ միայն դրսից, այլև ներսից։ Քոչարյանը կոչ արեց ժողովրդին, նման որոշման դեպքում չգնալ շենքի գրոհի, ակնարկելով, որ հակառակ դեպքում ուժ է կիրառվելու։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին հորդորեց ընդդիմությանը չսադրել ոստիկաններին, նշելով, թե, իր համոզմամբ, Բագրատ Գալստանյանի շարժումը փորձելու է կրկնօրինակել այն, ինչ հեղափոխության ժամանակ արեց Նիկոլ Փաշինյանը՝ փշալարերը հաղթահարելով մտնել խորհրդարան։