Տարրական դպրոցի ավարտին ամեն երրորդ երեխա չի կարողանում կարդալ և պարզ տեքստեր հասկանալ. հետազոտություն

Արխիվային լուսանկար

Համաձայն Հայաստանում անցկացված հետազոտության՝ տարրական դպրոցի ավարտին ամեն երրորդ երեխա, չնայած գրաճանաչությանը, չի կարողանում կարդալ և պարզ տեքստեր հասկանալ։

Դեռ 2022 թվականին «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության քննարկման ընթացքում Ազգային ժողովի ամբիոնից այդ ժամանակ դեռևս Կրթության փոխնախարար Ժաննա Անդրեասյանն էր խոսել խնդրի մասին։

«Ֆունկցիոնալ անգրագիտություն է սրա անունը, երբ կարծես գիտես տառերն ու թվերը, բայց դա անօգուտ գիտելիք է, որովհետև անգիր գիտելիք է, կիրառության չտանող գիտելիք է, մտածելու չդրդող գիտելիք է, հմտություն և կարողություն չդարձող գիտելիք է», - նշել է Անդրեասյանը։

Տարրական դպրոցն ավարտող աշակերտներից շատերն, օրինակ, գիտեն գումարել ու բաժանել՝ որպես թվաբանական գործողություն, բայց ամենապարզ մաթեմատիկական խնդիրը նկարագրող տեքստը չեն հասկանում, որպեսզի պատկերացնեն՝ ինչը ինչին գումարել կամ հանել։ Կրթության փորձագետ Վանո Կարապետյանը խնդիրը խորքային է համարում, միաժամանակ կարծում է, որ կրթության նախարարի հրապարակած տվյալների մեջ բաց էր մնացել այն հարցը, թե արդյոք այդ խմբի մեջ մտնո՞ւմ են կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող երեխաները։

«Դա ավելի ցայտուն է երևում, երբ որ երեխաներն ուսումնասիրում են, ասենք մաթեմատիկա կամ բնագիտական որոշակի առարկաներ, որտեղ կան տերմինաբանություն արդեն, որոնք ընկալման հետ կապված երեխաները չեն կարողանում ընկալել այդ տերմինաբանությունը։ Սա հանրակրթության հետ կապված կարևորագույն խնդիրներից մեկն ա, որի վերաբերյալ պետք է լուծումներ գտնենք», - ընդգծեց կրթության ոլորտի անկախ փորձագետ։

Սյունիքի մարզի 60 ուսուցիչ վերապատրաստվել է էստոնացի մասնագետների կողմից

Գարնանը Էստոնիայի միջազգային համագործակցության կենտրոնի (ESTDEV) և Էստոնիայի ԱԳՆ զարգացման համագործակցության և հումանիտար օգնության պատվիրակությունը Հայաստանում է եղել։ Հունիսի սկզբին Լոռու և Սյունիքի մարզի 60 ուսուցիչ վերապատրաստվել է էստոնացի մասնագետների կողմից։ Էստոնիայում երեխաների գրաճանաչությունը բարձրացնելու հաջողված փորձ ունեն։

«Այո, որոշակի արդյունք կարող է ապահովել, բայց դա պետք է ժամանակը ցույց տա, թե ինչ չափով այդ կրթական համակարգի այս կամ այն բաղադրիչի տեղայնացումն օգտակար եղավ մեր կրթական համակարգի համար», - ասաց Վանո Կարապետյանը:

Կրթության փորձագետը ողջունելի է համարում փորձի փոխանակումը, միևնույն ժամանակ պնդում, որ շատ դեպքերում այլ երկրների մեթոդների ներդրման փորձերը անհաջողության են մատնվում։

«Մենք անընդհատ վերջին 30 տարիների ընթացքում ոնց որ շրջապտույտի մեջ լինենք, անընդհատ փորձում ենք տարբեր երկրների փորձը բերել մեր մոտ, տեղայնացնել և վերջում նախարարությունն էլ, տարբեր նախարարներ տարբեր ժամանակահատվածում վերջում խոստովանել են, որ էդ տեղայնացումները էդքան էլ դրական արդյունքի չեն հանգեցրել», - նշեց նա:

Փորձագետի խոսքով՝ խնդրի պատճառը մասնագետների պակասն ու տարեց ուսուցիչների մեծ թիվն է, որոնք դժվարանում են նորագույն տեխնոլոգիաներով աշխատել։ Էստոնական կրթական փորձի փոխանակման ծրագրին մասնակցած Լուսինե Բալայանը նաև դասարաններում սովորողների առավելագույն քանակը, դպրոցներում տեխնիկական միջոցների պակասն ու ուսուցիչների անպատրաստակամությունն է նշում։

«Ես 45 րոպեն, որպես ուսուցիչ, կենդանի՞ եմ պահում, թե՞ պարզապես 45 րոպեն ուղղակի անցնում եմ երեխայի հետ, կամ ուղղակի 45 րոպե նաև սպանողներ կան։ Իսկ էդ 45 րոպեների յուրաքանչյուր ակնթարթը երեխայի համար կարևոր է և պիտի կարևորվի նաև ուսուցչի համար», - ասաց Լուսինե Բալայանը:

Ուսուցիչը վերապատրաստումներից և Էստոնիա եռօրյա այցից իր դիտարկումներն ունի, որոնք, կարծում է՝ պետք է կիրառել Հայաստանի դպրոցներում. - «Բոլորի ձեռքին ինչ-որ ընթերցանության նյութ եմ տեսել, ամենուր արվեստ եմ տեսել, ամենուր երեխայի կատարած աշխատանքի արժևորում եմ տեսել, այսինքն ամեն ինչ շրջվում է մարդու արժեհամակարգի։ Երկիրը ինքը ավելի շատ կենտրոնացված է ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով կրթության կատարելագործման, բայց հիմքում տեսել եմ արվեստը, գրականությունը, ընթերցանությունը»:

Առաջիկայում նախատեսվում է շարունակել հայ-էստոնական համագործակցությունը. հաջորդ փուլում Հայաստանի դպրոցներում աշխատող ավելի շատ ուսուցիչներ կընդգրկվեն։ Էստոնիայի միջազգային համագործակցության կենտրոնը շարունակելու է աջակցել Հայաստանում կրթական բարեփոխումներին։