18 տարին լրացած 220 հոգի Հայաստանում մանկատան խնամքին է

Երևանյան մանկատներից մեկը, արխիվ

Հայաստանում աշխատանքի և սոցիալական հարցերի ենթակայության տակ գտնվող շուրջօրյա խնամքի երկու հաստատությունում միասին վերցրած 220 չափահաս քաղաքացի է ապրում, հայտնել են նախարարությունից «Ազատության» հարցմանն ի պատասխան։

«Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ում փաստացի խնամվում է 18 տարին լրացած 26 քաղաքացի, նրանցից ամենամեծը 24 տարեկան է։

«Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում 18 տարին լրացած ու շուրջօրյա խնամքի հաստատություններում բնակվող 194 մարդ կա։ Խարբերդում չափահաս ամենամեծ քաղաքացին 54 տարեկան է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խնամքի հաստատություններում ուսումնասիրություններ անող խմբի անդամները իրենց գործունեության դադարեցումը «պատիժ» են համարում

Իսկ 18-24 տարեկան 85 խնամվող կա, 25-30 տարեկան՝ 63 հոգի, 31-35 տարիքային խմբում 22 մարդ է, 36-40 տարեկան 15 խնամվող կա, 41-45 տարեկանների խմբում 5 հոգի է, 46-50 տարեկան 3 մարդ, 50-55 տարեկանների տարիքային խմբում 1 խնամվող կա։

Հունիսի 12-ին Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր թեմային ու հայտարարել, թե Հայաստանում մանկատան խնամքի տակ 40-50 տարեկան անձինք կան:

Անահիտ Հակոբյան