25 տարի՝ իշխանության ղեկին․ Պուտինի «չվերջացող» գահակալումը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իշխանության ղեկին է արդեն քառորդ դար և կարող է ղեկավարել ևս 12 տարի։ Ինչպե՞ս նա եկավ իշխանության, ի՞նչ փոփոխություններ իր հետ բերեց, ի՞նչ փորձությունների միջով անցավ երկիրն այս տարիներին, ի՞նչ հարաբերություններ ունի Ռուսաստանն այսօր աշխարհի հետ և ինչպիսի՞ն է քաղաքացիական ազատությունների և մամուլի վիճակը երկրում։

Իշխանություն տանող ուղին

Խորհրդային իշխանության տարիներին Վլադիմիր Պուտինը մոտ 16 տարի աշխատել է Պետական անվտանգության կոմիտեում, ապա 1990-1996 թվականներին՝ Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանում։ 1996-ից տեղափոխվել է Մոսկվա, որտեղ արդեն 1997-ին նշանակվել է ՌԴ նախագահի գործերի կառավարիչ Պավել Բորոդինի տեղակալ և ղեկավարել իրավաբանական ու ռուսական օտարերկրյա ունեցվածքի կառավարման վարչությունները։ 1998-ի հուլիսի 25-ին ՌԴ նախագահ Բորիս Ելցինի հրամանագրով Պուտինը նշանակվեց Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) ղեկավար։

Հյուսիսային Կովկասում անհանգիստ ժամանակներ էին սպասվում․ սկսվում էր Չեչենական երկրորդ պատերազմը։ 1999-ի օգոստոսի 7-ին «Իսլամական խաղաղապահ բրիգադի» չեչեն գրոհայինները՝ Շամիլ Բասաևի հրամանատարությամբ, ներխուժեցին Դաղստան։ Ըստ որոշ գնահատականների՝ հենց դա էլ առիթ դարձավ, որ ՌԴ նախագահ Բորիս Ելցինը դրանից երկու օր անց՝ օգոստոսի 9-ին, վարչապետի առաջին տեղակալի և վարչապետի պաշտոնակատարի պաշտոնում Սերգեյ Ստեպաշինի փոխարեն նշանակի հատուկ ծառայություններում արդեն երկարամյա փորձ ունեցող Վլադիմիր Պուտինին։

Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցին և վարչապետ Վլադիմիր Պուտին, սեպտեմբեր, 1999թ.

1999-ի դեկտեմբերի 31-ին՝ Բորիս Ելցինի հրաժարականից հետո, Պուտինն ստանձնեց նախագահի պարտականությունները և արդեն քառորդ դար է՝ իր ձեռքում է պահում Ռուսաստանի կառավարումը։ Նրան Կրեմլում պահելու համար երկու անգամ Սահմանադրություն փոխեցին, զրոյացրին նախորդ իշխանավարման տարիները՝ հնարավորություն տալով Պուտինին նախագահ մնալ մինչև 2036-ը։ Այդ դեպքում նա երկարակեցությամբ կգերազանցի անգամ խորհրդային բռնապետ Իոսիֆ Ստալինին:

Քաղաքական փոփոխություններ

Իշխանության առաջին իսկ ամիսներից Պուտինը ձեռնամուխ եղավ քաղաքական մի շարք փոփոխությունների` նախ և առաջ ամրապնդելով իր իշխանությունը։ 2000-ի մայիսին նրա հրամանագրով ստեղծվեց դաշնային շրջաններում լիազոր ներկայացուցիչների ինստիտուտը։ Սկսվեցին լայնածավալ աշխատանքներ՝ տարածաշրջանային օրենքները դաշնային օրենքներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Դրա համար Թաթարստանի Հանրապետությունը նույնիսկ ստիպված եղավ փոխել իր Սահմանադրությունը։

2004-ի սեպտեմբերի 13-ին՝ Բեսլանի ահաբեկչությունից հետո, Պուտինը չեղարկեց շրջանների ղեկավարների ընտրությունները՝ դաշնային և տարածաշրջանային իշխանությունների արդյունավետությունը բարձրացնելու, ահաբեկչության դեմ պայքարի ուժեղացման պատճառաբանությամբ։ Ամիսներ անց հատուկ օրենք ընդունվեց, համաձայն որի տարածաշրջանային ղեկավարները պետք է ընտրվեն՝ նախագահի կողմից ներկայացված թեկնածուների ցուցակից:

2005-ի գարնանը Պետդումայի ընտրությունների մասին օրենք ընդունվեց, ըստ որի՝ ընտրությունները պետք է անցկացվեին բացառապես կուսակցական ցուցակներով։ Պետդումայում վերացվեց տարածքային ներկայացուցչությունը։ Փոփոխություններ արվեցին դաշնային օրենսդրությունում, որոնք շրջանային խորհրդարանի ընտրություններում հաղթած կուսակցությանը թույլ էին տալիս ՌԴ նախագահին առաջարկել նահանգապետի իր թեկնածուին: Տարածաշրջանների ճնշող մեծամասնությունում այդ իրավունքը պատկանում էր իշխանական «Եդինայա Ռոսիա» կուսակցությանը։ Նահանգապետերն սկսեցին մեկը մյուսի հետևից անդամակցել իշխող կուսակցությանը, որն իր համար որպես գաղափարախոսություն էր հռչակել «կենտրոնամետությունն ու պահպանողականությունը»։ Կուսակցության անդամներին փաստացի միավորում էր հիմնականում հավատարմությունը գործող պետական համակարգին։

Հարազատները՝ որքան հնարավոր է՝ մոտ

Պուտինի օրոք էապես փոխվեց կադրային քաղաքականությունը։ Կառավարող մարմիններում և ռուսական առաջատար կորպորացիաների խորհուրդների առանցքային պաշտոններում սկսեցին նշանակվել նրա նախկին կուրսեցիները, հատուկ ծառայություններից նրա նախկին գործընկերները, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում աշխատած տարիների մտերիմները: Ամենավառ օրինակներից մեկը, թերևս, Դմիտրի Մեդվեդևն է, որը նրա ամենամոտ դաշնակիցն է և նրա հետ աշխատել է Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանում։ Հենց այդ մտերմության շնորհիվ, թերևս, 2003-2005-ին Մեդվեդևը ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարն էր, հետագայում դարձավ վարչապետ, ապա նախագահ՝ ընդամենը մեկ ժամկետով։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և վարչապետ Դմիտրի Մեդվեդև, նոյեմբեր, 2019թ.

Արտաքին քաղաքականություն և պատերազմներ

Պաշտոնավարման առաջին իսկ օրերից Պուտինը հայտարարում էր Արևմուտքի, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության անհրաժեշտության մասին։ 2000-ի մարտի 5-ին BBC հեռուստաալիքին տված հարցազրույցում նա ընդգծում էր, որ «Ռուսաստանը եվրոպական մշակույթի մի մասն է», և ինքը դժվարությամբ է պատկերացնում ՆԱՏՕ-ն որպես թշնամի։ Միաժամանակ հավելում, որ Ռուսաստանը բացասաբար է վերաբերվում ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, թեև չի բացառում անդամակցությունն այս կառույցին՝ կողմերի փոխադարձ շահերից ելնելով։

Պաշտոնավարման 25 տարիների ընթցաքում, սակայն, Պուտինը հնարավոր համագործակցությունից հասավ Արևմուտքի ու Հյուսիսատլանտյան դաշինքի հետ փաստացի առճակատման։ Երկու տարի առաջ Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա և մինչ օրս էլ չի դադարեցնում ռազմական գործողությունները հարևանի դեմ՝ չնայած Արևմուտքի աննախադեպ պատժամիջոցներին։

Դաշնության արտաքին քաղաքականությունը խաղաղ չէր նաև մինչ այդ․ Պուտինի պաշտոնավարման շրջանում Ռուսաստանը նախաձեռնել կամ մասնակցել է մի քանի պատերազմի, մասնավորապես՝ Չեչենական երկրորդ պատերազմը (1999-2009); ռուս-վրացական պատերազմը 2008-ին (թեև նա դե յուրե երկրի վարչապետն էր), ինչի արդյունքում Վրաստանը կորցրեց Աբխազիան և Հարավային Օսիան՝ իր տարածքի մոտ 20 տոկոսը; Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը 2014-ին; 2015-ին ՌԴ ռազմական միջամտությունը Սիրիայում քաղաքացիական պատերազմին, որն էական ազդեցություն ունեցավ և փոխեց պատերազմի ելքը; 2021-ին ՌԴ անուղղակի մասնակցությունը Մալիի պատերազմին։

Սկանդալային սպանություններ

Պուտինի իշխանության շրջանն աչքի է ընկել մի շարք սկանդալային սպանություններով և սպանության փորձերով։ Նրա հակառակորդ համարվող՝ ԱԴԾ նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոն 2006-ին Լոնդոնում մահացավ պոլոնիում-210-ով թունավորումից։ Ավելի ուշ բրիտանական հետաքննությունը եզրակացրեց, որ նրան սպանել են ռուս գործակալները, ենթադրաբար՝ Պուտինի հավանությամբ:

Նույն թվականին մոսկովյան իր բնակարանի մոտ սպանվեց «Նովայա գազետա»-ի հայտնի լրագրող Աննա Պոլիտկովսկայան, որը լուսաբանում էր մարդու իրավունքների խախտումները երկրում, ինչպես նաև Չեչենական երկրորդ պատերազմը։ Նրա սպանության համար ավելի ուշ դատապարտվեց վեց մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան։ Պոլիտկովսկայայի մերձավորները համարում են, որ դա քաղաքական պատվեր էր։

Ավելի քան մեկ տասնամյակ անց մահափորձ կատարվեց ռուսական ռազմական հետախուզության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի նկատմամբ, որը դարձել էր Միացյալ Թագավորության կրկնակի գործակալ։ Սոլսբերիում նրան թունավորել էին «Նովիչոկ» կոչվող նյութով (թունավորվել էր նաև դուստրը՝ Յուլյան)։ Սակայն Սկրիպալներին հաջողվեց փրկվել։ Պուտինը կրկնակի գործակալին անվանել էր «դավաճան»:

Ամենասկանդալային դեպքերից էր թերևս 2015-ին Մոսկվայի կենտրոնում հայտնի ընդդիմադիր առաջնորդ Բորիս Նեմցովի սպանությունը: Անհայտ անձը Նեմցովի վրա չորս կրակոց էր արձակել: Insider-ի, BBC-ի և Bellingcat-ի լրագրողների համատեղ հետաքննությունը պարզել էր, որ ԱԴԾ գործակալները գրեթե մեկ տարի հետևել էին Նեմցովին, նախքան նրան սպանելը։

Ռուսաստան - Ծաղիկներ Մոսկվայում Բորիս Նեմցովի սպանության վայրում, 28-ը փետրվարի, 2024թ.

Այս դեպքերի շարքը լրացնում է 2019-ի ամռանը Վրաստանի քաղաքացի Զելիմխան Խանգոշվիլիի սպանությունը Բեռլինում։ 2000-ականների սկզբին՝ Չեչենական երկրորդ պատերազմի ժամանակ, նա կռվել էր Ռուսաստանի դեմ։ ԱԴԾ-ի ենթադրյալ գործակալ Վադիմ Կրասիկովը ցմահ բանտարկության էր դատապարտվել այս սպանության համար, ում ռուսական հատուկ ծառայությունները կեղծ ինքնություն, կեղծ անձնագիր և ռեսուրսներ էին տրամադրել՝ սպանությունն իրականացնելու համար: Ավելի ուշ՝ այս տարի, Պուտինը Կրասիկովին փոխանակեց արևմտյան կալանավորների հետ՝ հանդիսավորապես ողջունելով մարդասպանին Մոսկվայի օդանավակայանում։

2024-ի փետրվարին ՌԴ քրեակատարողական ծառայությունը հայտնեց Կրեմլի ամենակոշտ քննադատներից մեկի՝ Ալեքսեյ Նավալնու մահվան մասին․ 47-ամյա ընդդիմադիրը ձերբակալվել էր դրանից երկու տարի առաջ՝ շինծու քրեական գործով։ Մինչ այդ նրան փորձել էին թունավորել «Նովիչոկ»-ով։ Bellingcat կայքի հետաքննությունը պարզել էր ԱԴԾ առնվազն ութ գործակալի ինքնությունը, որոնք ենթադրաբար կանգնած էին Նավալնիի թունավորման հետևում:

Ռուսաստան - Ծաղիկներ Ալեքսեյ Նավալնիի գերեզմանին, մարտ, 2024թ.

Մինչ այդ՝ 2023-ին Պուտինի ընկերներից մեկը՝ «Վագներ» մասնավոր ռազմականացված խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինն էր նրա դեմ դուրս եկել։ Նախագահի երբեմնի մերձավորագույն աջակիցը հրահանգել էր տանկերը քշել դեպի Մոսկվա՝ առաջնորդելով ռազմական ապստամբությունը Ռուսաստանի բարձրագույն սպայական ղեկավարության դեմ։ Նրա բողոքի ալիքը ճնշվեց, երկու ամիս անց Պրիգոժինը զոհվեց ավիավթարի ժամանակ։ Շատերն են մինչ օրս վստահ՝ Պուտինը նրա «դավաճանությունը» չէր ներել:

Աղմկահարույց սպանությունների շարքն այսքանով չի սահմանափակվում:

Մարդու իրավունքներ

Պուտինի պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը Ռուսաստանը գնահատել է որպես «մասամբ ազատ», 2005-ից, սակայն, վարկանիշը սկսել է նվազել։

2012-ին ընդունվեց նոր դաշնային օրենք, որն օտարերկրյա ֆինանսավորում ստացող և «քաղաքական գործունեությամբ զբաղվող» բոլոր ՀԿ-ներից պահանջում էր ՌԴ արդարադատության նախարարությունում գրանցվել որպես «օտարերկրյա գործակալներ»։ Իրավապաշտպան կազմակերպությունները լայնորեն քննադատեցին այս օրենքը՝ համարելով, որ այն նպատակ ունի ճնշել քաղաքացիական հանրությանն ու ազատ մամուլը։ Freedom House-ի ամենաթարմ՝ 2024-ի զեկույցում Ռուսաստանը դարձյալ շարունակում է մնալ «ոչ ազատ» երկրների շարքում։

Պուտինի իշխանության ժամանակաշրջանն աչքի է ընկել նաև քաղաքական բանտարկյալների առատությամբ․ 2024-ի փետրվարի դրությամբ Ռուսաստանում հաշվվել է 680 քաղբանտարկյալ։

Վերջին տասնամյակում պարբերաբար հետապնդումների են ենթարկվում նաև ԼԳԲՏՔ+ հանրության ներկայացուցիչները։ Հատկապես ուշագրավ է 2013-ին ընդունված օրենքը, որով արգելվում է այս համայնքի ներկայացուցիչների մասին քարոզը՝ փաստացի քրեականացնելով ԼԳԲՏՔ+ ինքնության հրապարակային արտահայտության դրսևորումները։

Մամուլ և հավաքների ազատություն

Պուտինի ղեկավարման տարիներն առհասարակ առանձնանում են լրատվամիջոցների նկատմամբ ճնշումներով և պետական վերահսկողությամբ։ Խոշոր հեռուստատեսային ցանցերը կա՛մ պետական են, կա՛մ սերտորեն կապված են Կրեմլի հետ: Անկախ լրատվամիջոցները մշտական ճնշումների են ենթարկվում, ներառյալ՝ իրավական ոտնձգությունները, ֆինանսական դժվարությունները և բացահայտ գրաքննությունը:

Իրավիճակն է՛լ ավելի վատացավ 2022-ին, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա։ 2022-ի մարտի 4-ին Պուտինն ստորագրեց օրինագիծ, որը մինչև 15 տարվա ազատազրկում է նախատեսում նրանց համար, ովքեր «գիտակցաբար կեղծ տեղեկություններ» են հրապարակում ռուսական զինված ուժերի և նրանց գործողությունների մասին։ Արդյունքում՝ երկրում որոշ լրատվամիջոցներ նույնիսկ դադարեցին այս թեմայով լուրեր հրապարակել։ 2022-ի դեկտեմբերի դրությամբ ավելի քան 4 հազար մարդ քրեական պատասխանատվության էր ենթարկվել «կեղծ լուրերի» օրենքով՝ կապված Ուկրաինա ռուսական ներխուժման հետ։

Համեմատություն Պուտինի և ներկայումս իշխանավարող այլ առաջնորդների միջև. աղյուսակ