Թափանցիկության մասին խոստումից տարիներ անց. կառավարության հարցերի 90 տոկոսից ավելին՝ չզեկուցվող

Կառավարության նիստ

«Մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն արդարացի կերպով երկար տարիներ Հայաստանի կառավարությունից պահանջել են և շարունակում են պահանջել թափանցիկություն: Ես կարծում եմ, որ մեր կառավարությունն այս առումով շատ թափանցիկ է, առավել թափանցիկ է, քան Հայաստանի որևէ կառավարություն եղել է, բայց մենք կառավարության գործունեության այս թափանցիկության պրոցեսում շարունակելու ենք առաջ գնալ», - վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն արել է չորս տարի առաջ։

Նրա այս հավաստիացումից ավելի քան չորս տարի անց կառավարության օրակարգային հարցերի գրեթե 90 տոկոսը, երբեմն էլ ավելին, ընդունվում է չզեկուցվող ընթացակարգով:

Թափանցիկությունը ազգային մտածելակերպ պետք է դառնա, խոստանում էր Նիկոլ Փաշինյանը։ Սրան զուգահեռ տարեցտարի ավելանում է կառավարության նիստերում առանց քննարկման ընդունվող որոշումների թիվը: «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանն այս պատկերը մտահոգիչ է համարում:

«Իսկապես տենդենցն այնպիսին է, որ գնալով ավելացել են, և կարծում եմ՝ արդեն ողջամտության շրջանակներն անցնում է, և հասկանալի է, թե այդ դեպքում ինչու են առհասարակ կառավարության նիստերը թափանցիկ դարձնում, ինչի համար են կառավարության նիստերը, եթե որևէ հարց չի զեկուցվելու», - ասաց նա:

«Ազատություն»-ը կառավարության կայքից հավաքագրել և առանձնացրել է 2017-ից 2024 թվականներին զեկուցվող և չզեկուցվող հարցերի հարաբերակցությունը:

Այսպիսով՝ պարզվել է՝ եթե 2017 -2019 թվականներին գործադիրի օրակարգում ընդգրկված հարցերի մոտ 30-40 տոկոսը զեկուցվող էին, ապա 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո դրանց թիվն էականորեն կրճատվել է՝ հասնելով մոտ 10 տոկոսի: Ինչո՞ւ, կառավարությունից այս բացատրությունն են տալիս. «Կառավարության նիստին, որպես զեկուցվող ընտրվում են հիմնականում հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերը, հաշվի է առնվում նաև քննարկվող հարցի կարևորությունն ու առաջնահերթությունը»:

Իսկ ի՞նչ ուսումնասիրություն է իրականացնում վարչապետի աշխատակազմը հանրային հետաքրքրության աստիճանը պարզելու և զեկուցվող-չզեկուցվող հարցերի շրջանակը որոշելու համար, Կառավարության պատասխանից պարզվեց՝ առանց ուսումնասիրության են ընտրում, որ հարցը գործադիրի նիստում քննարկվի, որը՝ ոչ: Իսկ չզեկուցվող հարցերի բովանդակությանը առաջարկում են ծանոթանալ նիստից հետո տարածվող պաշտոնական հաղորդագրությունից, ինչպես նաև դրանից մեկ օր, երբեմն էլ ժամեր առաջ կառավարության e.gov.am կայքում տեղադրվող օրակարգից: 2021-ի դեկտեմբերի ասուլիսին նույնն ասել էր նաև վարչապետ Փաշինյանը, թե օրակարգը հանրությանը հասանելի է:

«Զեկուցվող է դրվում 3-4 հարց, որ տրամաբանական լինի, որովհետև այնտեղ այդ որոշումների մի մասը մի ստորակետի, մի թվի փոփոխություն է, բովանդակային բաներ չեն բերում։ Բովանդակային, քաղաքական նշանակություն ունեցող հարցերը մենք քննարկում ենք», - պնդել էր վարչապետը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լրատվամիջոցները խնդրահարույց են համարում վարչապետի ասուլիսի ձևաչափը, մի քանիսը բոյկոտում են

Մինչդեռ թե՛ վերջին ամիսներին, թե՛ ավելի վաղ գործադիրի՝ չզեկուցվող ընթացակարգով ընդունված մի շարք որոշումների վերաբերյալ առնվազն բացատրություններ պետք է հնչեին, ասում է «Թրանսփերենսի ինթերնեյշնլ»-ի տնօրենը: Օրինակ՝ ուղիղ երկու ամիս առաջ գործադիրը չզեկուցվող ընթացակարգով պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ԱՆԻՖ-ի լուծարման մասին որոշում կայացրեց: Այն ստեղծվել էր հեղափոխությունից հետո, պետբյուջեից միլիարդավոր դրամներ էին հատկացվել, այժմ ֆոնդի գործունեության հետ կապված քրեական գործ կա՝ լիազորությունների չարաշահման, խոշոր չափի գույքային վնասի հատկանիշներով։

Բայց, վարչապետ Փաշինյանն ու իր կաբինետի անդամները ֆոնդի լուծարման մասին նիստում քննարկում չունեցան։ Ավելին՝ մեկ ամիս անց էլ կառավարությունը կրկին առանց քննարկման՝ 1,7 միլիարդ դրամ ուղղեց նույն ֆոնդի պարտավորությունների մարմանը։ Մոտ երկու շաբաթ առաջ էլ չզեկուցվող ընթացակարգով կառավարությունը որոշեց 2,6 միլիոն դոլարով ծառայողական 49 հատ «Վոլվո» ավտոմեքենա գնել: Ընդ որում՝ որոշման փաստաթղթերում երևում է, որ գնման առնչությամբ վերապահումներ ուներ անգամ Ֆինանսների նախարարությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՆԻՖ-ը լուծարվում է. ֆոնդի նախագծերի մասնակիցները «տեղեկացել են մամուլից»

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կառավարությունը 1 միլիարդ 38 միլիոն դրամ է հատկացրել ծառայողական նոր մեքենաների համար 

Գործադիրի անդամները ոչ միայն փաստաթղթերում, այլ նաև նիստերին պետք է հստակ հիմնավորեն նման գնումների անհրաժեշտությունը, շեշտում է փորձագետը:

«Շատ հաճախ ընդունում են որոշումներ, երբ մեծ գումարներ են հատկացվում ինչ-որ ծրագրերի, և այդ ծրագրերը կրկին չեն քննարկվում, և անհասկանալի է, թե ինչու են ընտրվել հենց այդ առաջնահերթությունները, այսինքն՝ հարկատուները չեն հասկանում, թե իրենց հարկերից գոյացած միջոցներն ինչու են բաշխվում այսպես և ոչ թե այլ եղանակով», - շեշտեց Սոնա Այվազյանը։

Իշխանության գալուց հետո վարչապետ Փաշինյանը կառավարության նիստերը բաց անցկացնելու որոշում կայացրեց՝ նաև քննարկվող հարցերի թափանցիկությունն ապահովելու համար: Այժմ, սակայն, ոչ միայն հարցերի գերակշիռ մասն է ընդունվում առանց քննարկման, այլ նաև լրագրողներն են զրկված հանրային հնչեղություն ունեցող հարցերի վերաբերյալ կառավարության անդամներին հարցեր ուղղելուց: Հատուկենտ պաշտոնյաներ են նիստից հետո լրագրողների համար հասանելի։