«Տաք գլխարկ ուղարկեք, ցուրտ է»․ Մադաթ Բաբայանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին

Լուսանկարը՝ արտապատկերում Ադրբեջանի տարածած տեսանյութից, արխիվ

Բաքվի բանտախցից երեկ հարազատներին է զանգել Մադաթ Բաբայանը։

«Տաք գլխարկ ուղարկեք, ցուրտ է»,- ըստ թոռան՝ Ալեն Բաբայանի՝ ասել է նա։

72-ամյա արցախցին մեկ տարուց ավելի է՝ գերի է։ Հարազատները Կարմիր խաչի միջոցով երբեմն փոքրիկ ծանրոց են ուղարկում։

«Ցուցակում պապիրոզ է լինում, քաղցրեղեն, շորեղեն, տաք հագուստ», - ասում է Ալեն Բաբայանը։

Հիմա սպասում են, թե երբ նորից ծանրոց ուղարկելու հնարավորություն կլինի, մի անգամ էլ կոշիկ էին ուղարկել, հենց պապիկի ոտքի չափով, փոքրիկ մի բան էր տեղ հասել։

Մադաթ Բաբայանը Մարտակերտի Գետավան գյուղում էր ապրում, նախորդ տարվա սեպտեմբերի մարտական գործողությունը սկսելուց ժամեր անց արդեն ադրբեջանցիները մտել էին Գետավան։

Մադաթ Բաբայանի թոռն ասում է՝ գյուղի բնակիչները ոտքով հասցրել են դուրս փախչել հրետակոծվող գյուղից, պապիկը մի քանի տղամարդկանց հետ մնացել է, թե հետո կգամ, երեկոյան արդեն Գետավանում ադրբեջանցիներն էին։ Բաբայանի ընտանիքը սկզբում նրան փնտրել է մահացածների մեջ, հետո զանգ են ստացել։

«Տատու հեռախոսին զանգ եկավ, սկզբում ադրբեջաներեն էին խոսում, հետո ռուսերեն, հետո մաման վերցրեց, պապին վերցրեց, սկսեց խոսել՝ «ես լավ եմ, ես ձեզանից եմ ուզում իմանալ՝ դուք ո՞նց եք»», - պատմում է թոռը։

Մադաթ Բաբայանին գերեվարելուց մեկ ամիս անց արդեն Բաքվի իրավապահները պատրաստի քրեկաան գործ ունեին, թե Բաբայանն անձամբ «92- ի փետրվարին Խոջալուիի դեպքերին է մասնակցել», տարեց մարդն էլ Ադրբեջանի տարածած տեսանյութում ցույց է տալիս ինչ-որ տեղանք, որտեղ իբրև թե «150 ադրբեջանցու սպանություն է կազմակերպել» ու ցույց է տալիս, թե որտեղ է թաղել նրանց բոլորին։

«Իրենց ձեռքն ով էլ լինի, ինչ ասեն՝ պիտի ասես, չասես՝ հաստատ լավ չի լինի», - ասում է Ալեն Բաբայանը։

Բաբայանի ընտանիքում պնդում են՝ պապիկը բանակ էլ չի գնացել, մարտական գործողությունների չի մասնակցել։ Ադրբեջանի ներկայացրած ծանր հանցագործը միշտ անասնապահ է եղել. - «Մեր պապիկը ոչ մի ռազմագիտական գործի չի մասնակցել։ Ինչ վերաբերում է կռվին, ազատագրմանը, ոչ մի բանին իմ պապիկը չի մասնակցել, որովհետև առողջական շատ լուրջ պրոբլեմներ ուներ»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընդդիմադիր խմբակցությունները գերիների ազատ արձակման հարցով հրատապ նիստ են նախաձեռնում
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առաջիկայում սպասվում է գերիների և անհետ կորածների հարցով հանդիպում ադրբեջանական կողմի հետ. ԱԱԾ տնօրեն

Ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորման անդամներ. Բաքուն այսպիսի մեղադրանքներ ունի իր բանտերում պահվող 23 հայերի համար։ Այդ երկրում հրավիրվող ՄԱԿ-ի կլիմայի գագաթնաժողովին ընդառաջ Հայաստանում սպասում կար, որ հայ գերիների գոնե մի մասը տուն կգա։

Այդ սպասումն այժմ վերափոխվել է կոնկրետ քննարկման։ Հայաստանն իր մասնակցությունն այդ COP 29 ին գուցե պայմանավորի գերիների ազատմամբ, այսօր արտգործնախարարին հարցրեց ընդդիմադիր խորհրդարանական Արմեն Ռուստամյանը. - «Այս հարցը կա՞ օրակարգի վրա, թե՞ ոչ»։

«Ձեր դատողությունները իրավունք ունեն գոյություն ունենալ, հիմնավոր են, արդարացի են», - արձագանքեց արտգործնախարարը։

Արարատ Միրզոյանը ուղիղ չի ասի, որ Հայաստանն այդ գագաթնաժողովին կմասնակցի, եթե հայ գերիների ազատ արձակման համաձայնություն լինի Բաքվի հետ, բայց ակնարկեց՝ այդպիսի քննարկում կա։

Գերիների ընտանիքներում հույսի դուռը, պարզ է, չի փակվում։ Առայժմ բավարարվում են կարճատև հեռախոսազրույցներով, խիստ սահմանափակ տևողությամբ ու բովանդակությամբ։

Կարմիր խաչի գրասենյակում Մադաթ Բաբայանի ընտանիքին նաև լուսանկարներ են ցույց տվել Բաքվից ուղարկված։ Դրանցում Բաբայանը զբոսնում է, դիրքավորված է գրադարանի ֆոնին, բանտախցում նստած է՝ մի ջերմ տաքացուցչի կողքին։ Նկարներին նայում, բայց չեն մոռանում՝ պապիկին տաք գլխարկ է պետք։