Երբ Ադրբեջանը կթույլատրի տեղափոխել Ստեփանակերտում մահացած կնոջ մարմինը. հարազատները դեռ սպասում են

Ստեփանակերտում հոկտեմբերին մահացած Վերա Աղասյանի հարազատները 24 օր է՝ սպասում են, թե երբ ի վերջո Ադրբեջանը հայ կնոջ մարմինը տեղափոխելու թույլտվություն կտա։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, 70-ամյա կնոջ սիրտն է կանգնել։

Դին Հայաստան տեղափոխելու հարցով Բաքվի հետ երկխոսություն կա, առաջընթաց չկա։ Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին ասաց. - «Չեմ կարող որևէ առաջընթացի հետ կապված մեկնաբանություն անել, հաշվի առնելով, որ որոշումն ու դրա հետ կապված մանրամասներ իշխանությունների ձեռքերում են, կողմերում»:

Կարող էր այս փոխանցումը ձգձգվել միայն մի դեպքում, եթե փորձաքննությունների կարիք լիներ, բայց այս դեպքում Բաքուն ի սկզբանե հայտարարել էր, թե ինչից է մահացել կինը։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը այս ամենը անմարդկային վերաբերմունք է որակում: Նա նշում է, որ Ստրասբուրգի դատարան անհապաղ միջոցի կիրառման դիմում ուղարկելն օգուտ չի տա։

Արցախի հայաթափումից հետո Վերա Աղասյանն առաջին հայն է, որ մահացավ այնտեղ՝ ըստ բաց աղբյուրների։ Բաքուն մինչև այժմ որևէ թիվ չի ներկայացրել, թե ի վերջո քանիսը մնացին Արցախում։ Հայաստանում այնտեղ մնացած շուրջ մեկ տասնյակ արցախցու են հաշվում, որոնց Ադրբեջանի իշխանությունն այժմ պահում է մի հյուրանոցում։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.