Գիտնականներն աճեցնում են մկանային բջիջներ` խոզի միզապարկի հիման վրա

Վնասված հյուսվածքները ցողունային բջիջների միջոցով վերականգնման մասին կանխատեսումներն ըստ էության մոտ են կատարման: Փիթսբուրգի համալսարանի բժշկական ֆակուլտետի գիտնականները տեղեկացրել են, որ ծանր վնասվածքներ ստացած որոշ հիվանդների մոտ նկատվել է մկանային նոր հյուսվածքի աճ, ինչը հնարավոր է դարձել խոզերի միզապարկի կիրառման միջոցով:

Դահուկասահքի ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով Նիկոլաս Քլարքը կորցրել է ձախ ոտքի սրունքի մեծ մասը: Արդյունքում նա զրկվել է սովորական բազմաթիվ գործողություններ կատարելու հնարավորությունից:

«Բացի մկաններից, կորցրել եմ ոտքի նյարդեր, անոթներ և այլ հյուսվածքներ, ինչը զգալիորեն սահմանափակել է իմ կարողությունները», - պատմում է Նիկոլասը:

Թեթև վնասվածքներից հետո կմախքային մկանները հնարավոր է վերականգնել ֆիզիկական թերապիայի միջոցով, սակայն մկանների ավելի քան 20 տոկոսի կորստի հետևանքով վնասվածքը, ըստ Փիթսբուրգի համալսարանի բժշկական ֆակուլտետից բժիշկ Ստիվեն Բադիլակի, չի վերականգնվում, և առաջանում է սպիական հյուսվածքով լցված հսկա մի հատված:

Գիտնականներին հայտնի է, որ վնասվածքի տեղում ցողունային բջիջների կիրառման միջոցով հնարավոր է աճեցնել մկանային նոր բջիջներ: Դրանց աճի համար, սակայն, անհրաժեշտ է ստեղծել որոշակի հիմք` մատրիքս:

Բժիշկ Բադիլակի գլխավորած խումբը ստեղծել է «արտաբբջային մատրիքս»` այդ նպատակով որպես հիմք օգտագործելով խոզի միզապարկը: Այս մատրիքսը, ըստ բժշկի, նման է մարմնի բջիջներն իրար միացնող սոսնձի:

Բջիջների աճի համար նախատեսված հիմքը, որը տեղադրվում է վնասվածքի տեղում, արտանետում է ցողունային բջիջները դեպի այդ տեղը ձգող քիմիական նյութեր, իսկ ֆիզիկական թերապիայի միջոցով բջիջներին ուղարկվում են մկանային հյուսվածք կազմելու «ազդակներ»:

Բժիշկ Բադիլակի կողմից ուսումնասիրվող հինգ հիվանդներից յուրաքանչյուրի մոտ մկանների կորուստը կազմում է 60-ից մինչև 90 տոկոս: Բուժման սկզբից վեց ամիս անց բոլոր հիվանդների մոտ գրանցվել է մկանների աճ, իսկ հիվանդներից երեքի մոտ նկատվել է զգալի բարելավում:

«Ես նորից կարող եմ հեծանիվ վարել, կատարել ամենօրյա գործողություններ: Բուժման արդյունքում մեծ տարբերություն եմ զգում», - ասում է Նիկոլաս Քլարքը:

Գիտնականներն այս փորձերի ընթացքում աշխատել են հիմնականում հին վերքեր ունեցող հիվանդների հետ, սակայն բուժման այս նոր եղանակը կարող է առավել լավ արդյունքներ գրանցել նաև ավելի թարմ վերքեր ունեցող հիվանդների մոտ: