Վարչապետ Փաշինյանն այցելել է Կիրանց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում, 2-ը օգոստոսի, 2024թ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կիրանց, ծանոթացել նոր կառուցված ճանապարհի հատվածում իրականացված աշխատանքներին։

Այցը լուսաբանելու հնարավորություն չկար, անվտանգության աշխատակիցներն «Ազատությանն» արգելեցին նկարահանում իրականացնել՝ ասելով, որ դրա համար հատուկ թույլտվություն է պետք, ապա հորդորեցին ազատել տարածքը, գնալ այնպիսի վայր, որ նրանց տեսանելի չլինենք։

Վարչապետը Կիրանց է ժամանել մոտավորապես 15:30-ի սահմաններում, չնայած տեղում նախապատրաստական աշխատանքաները շատ ավելի վաղ էին սկսվել, անվտանգության աշխատակիցները հսկողություն էին իրականացնում, կնոլոգիական ծառայության շներն էին տարածքն ուսումնասիրում: Կարճ շրջայցից հետո վարչապետի շարասյունը հեռացել է տարածքից:

Սահմանազատված Կիրանց գյուղով անցնող միջպետական ճանապարհն ավելի քան 20 օր փակ մնալուց հետո արդեն բաց է:

Այս նոր ճանապարհը կառուցվեց, քանի որ հարևան Խեյրիմլիի հետ սահմանազատման հետևանքով Կիրանցը կորցրեց գյուղի կամուրջը, որը միջպետական ճանապարհի մաս էր կազմում։

Գործադիրի ղեկավարը Տավուշի մարզում է երեկվանից՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիրանցով անցնող միջպետական ճանապարհն ավելի քան 20 օր փակ մնալուց հետո արդեն բաց է