«Հարավկովկասյան երկաթուղին» չեղարկում է մայիսի 26-ի Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով միջազգային գնացքները՝ սելավահոսքի առաջացման պատճառով։
Ընկերությունից հայտնում են, որ անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով ավտոճանապարհներին և երկաթուղային գծերին սելավահոսքի առաջացման պատճառով Այրում-Ախթալա հատվածում տարերքի հետևանքների վերացման հետ կապված վերանորոգման և վերականգնման աշխատանքներ պետք է կատարվեն։
Ավելի վաղ ՆԳՆ փրկարար ծառայությունը հաղորդել է, որ Դեբեդ գետի վարարած ջրերը այս գիշեր դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 միջպետական ճանապարհին։
Գետի վարարման հետևանքով փակ են Ձորագետ-Ալավերդի-Քարկոփ և Բագրատաշեն-Պտղավան ավտոճանապարհները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 3 զոհ, 2 անհետ կորած Լոռիում ու Տավուշում հեղեղների հետևանքով. ինչ է հայտնի