Մահափորձ Սլովակիայի վարչապետի նկատմամբ. Ֆիցոն վիրավորվել է, նրա կյանքին «վտանգ է սպառնում»

Սլովակիա - Մահափորձ վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի նկատմամբ, Հանդլովա, 15-ը մայիսի, 2024թ.

Զինված հարձակման է ենթարկվել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին։ Վարչապետի գրասենյակը հայտնել է, որ նրա կյանքին վտանգ է սպառնում:

Հաղորդագրությունում նշվում է, որ քաղաքական գործչին ուղղաթիռով տեղափոխել են Բանսկա Բիստրիցա հիվանդանոց: Երկրի ներքին գործերի նախարարությունը Ֆիցոյի դեմ զինված հարձակումը մահափորձ է որակել:

Միջադեպը տեղի է ունեցել այսօր մայրաքաղաք Բրատիսլավայից դուրս կառավարության արտագնա նիստից հետո, երբ վարչապետը ողջունում էր դրսում հավաքված քաղաքացիներին։ Սլովակիայի լրատվամիջոցների տվյալներով՝ չորս կրակոց է արձակվել կառավարության ղեկավարի ուղղությամբ։ Հարձակման հեղինակը ձերբակալված է։

TV Markíza հեռուստակայանի փոխանցմամբ, Սլովակիայի վարչապետի վրա կրակ է արձակել 71-ամյա գրող Յուրայ Չինտուլան՝ Լևիցա քաղաքից:

Չինտուլան մի շարք պատմվածքների և «Զոհաբերության պատգամը» վերնագրով վեպի հեղինակ է։ Նա նախկինում աշխատել է թիկնապահական ծառայություն տրամադրող մի մասնավոր ընկերությունում և օրինական կարգով է զենք ունեցել:

Չինտուլայի արարքի դրդապատճառները տակավին հայտնի չեն, սլովակ լրագրողները չեն բացառում, որ նա ատելությունից դրդված է ցանկացել սպանել վարչապետին:

«Ես նույնիսկ չեմ պատկերացնում, թե ինչ է ծրագրել հայրս, ինչու է դա տեղի ունեցել», - մամուլին ասել է Չինտուլայի որդին:

Հարցին, թե ի՞նչ վերաբերմունք ուներ Չինտուլան վարչապետ Ֆիցոյի նկատմամբ, գրողի որդին ասել է. - «Հայրս նրա ընտրողը չէր»:

Ուղղաթիռով հիվանդանոց փոխադրված Ռոբերտ Ֆիցոն ծանր վիճակում է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար, վիրահատությունը դեռ շարունակվում է:

Սլովակիայի նախագահը դատապարտել է վարչապետի դեմ «դաժան» հարձակումը՝ մաղթելով նրան ապաքինում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

TV Markíza. Ֆիցոյի վրա կրակել է 71-ամյա սլովակ գրող Յուրայ ՉինտուլանՄահափորձ Սլովակիայի վարչապետի նկատմամբ. Ֆիցոն վիրավորվել է Սլովակիայի վարչապետի «կյանքին վտանգ է սպառնում»