Սլովակիայի վարչապետին վիրահատել են, նրա կյանքին վտանգ չի սպառնում․ Reuters

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցո, արխիվ

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում, հաղորդում է Reuters-ը՝ նշելով, որ երեկ զինված անձը հինգ անգամ կրակել է 59-ամյա վարչապետի վրա, նա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Ֆիցոյին երեկ վիրահատել են։

«Ես շատ ցնցված էի։ Բարեբախտաբար, որքանով տեղյակ եմ, վիրահատությունը լավ է անցել, այս պահին նա կյանքին վտանգ չի սպառնում», - ասել է Սլովակիայի փոխվարչապետ Թոմաս Տարաբան:

Նրա խոսքով՝ փամփուշտներից մեկը վնասել է Ֆիցոյի ստամոքսը, իսկ երկրորդը դիպել է հոդերին:

Aktuality.sk-ը հաղորդել է, որ վարչապետի վիճակը կայուն է։

Պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինակը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Ֆիցոն «լուրջ պոլիտրավմա» է ստացել։

Ռոբերտ Ֆիցոն տեղափոխվում է հիվանդանոց, 15-ը մայիսի, 2024թ․

Երեկ հաղորդվեց, որ Ռոբերտ Ֆիցոն զինված հարձակման է ենթարկվել։ Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաք Բրատիսլավայից դուրս կառավարության արտագնա նիստից հետո, երբ վարչապետը ողջունում էր դրսում հավաքված քաղաքացիներին։ Սլովակիայի լրատվամիջոցների տվյալներով՝ չորս կրակոց է արձակվել կառավարության ղեկավարի ուղղությամբ։

Սլովակիա - Մահափորձ վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի նկատմամբ, Հանդլովա, 15-ը մայիսի, 2024թ.

Քաղաքական գործչին ուղղաթիռով տեղափոխել են Բանսկա Բիստրիցա հիվանդանոց: Վարչապետի գրասենյակը հայտնել էր, որ Ֆիցոնի կյանքին վտանգ է սպառնում: Երկրի ներքին գործերի նախարարությունը տեղի ունեցածը մահափորձ է որակել:

Ավելի ուշ TV Markíza հեռուստակայանը հաղորդեց, որ Սլովակիայի վարչապետի վրա կրակել է 71-ամյա գրող Յուրայ Չինտուլան՝ Լևիցա քաղաքից: Նա ձերբակալվել է։

Ոստիկանները ձերբակալում են քաղաքացուն, ով կասկածվում է Սլովակիայի վարչապետի վրա կրակելու համար, 15-ը մայիսի, 2024թ․

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մահափորձ Սլովակիայի վարչապետի նկատմամբ. Ֆիցոն վիրավորվել է, նրա կյանքին «վտանգ է սպառնում»
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից»․ Նիկոլ Փաշինյան